Մատչելիության հղումներ

«Փարիզը լքում է հայերին»


Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Փարիզում ողջունում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, 10-ը մարտի, 2010թ.

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Փարիզում ողջունում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, 10-ը մարտի, 2010թ.

Ֆրանսիական Le Monde հեղինակավոր օրաթերթը դեկտեմբերի 29-ի համարում հրապարակել է ֆրանսահայ լրագրող Արա Թորանյանի բաց նամակը, որի վերնագիրն է «Փարիզը լքում է հայերին»:

Հրապարակման մեջ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ եւ Les Nouvelles d’Armenie ամսագրի տնօրեն Թորանյանը, հիմնվելով WikiLeaks կայքի վերջին բացահայտումների վրա, երեւան է հանել եւ քննադատել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի երկդիմի քաղաքականությունը ֆրանսահայ համայնքի ներկայիս գլխավոր խնդիրներից մեկի` Հայոց ցեղասպանության ժխտման պատժելիության օրինագծի հանդեպ:

Այդ օրինագիծը 2006 թվականի հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո մինչ այժմ սպասում է Սենատի կողմից վավերացմանը` օրենք դառնալու համար:

Մինչդեռ, WikiLeaks-ի բացահայտած դիվանագիտական աղբյուրներից պարզվում է, որ Սարկոզին, որը ֆրանսահայ համայնքին շռայլ խոստումներ էր տվել 2007 թվականի ընտրապայքարի ժամանակ` այդ օրինագծի վավերացմանը նեցուկ լինելու վերաբերյալ, նախագահ ընտրվելուց մեկ ամիս անց Անկարա այցելած իր խորհրդականի միջոցով երաշխավորել է Թուրքիայի իշխանություններին, որ ինքն անելու է ամեն ինչ`այդ օրինագիծը Սենատում խափանելու համար:

Այս բացահայտումը բուռն հակազդեցություններ առաջացրեց ֆրանսահայ համայնքում: Բացի Արա Թորանյանի բաց նամակից, բողոքի հաղորդագրությամբ հանդես եկավ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդը` քննադատելով ֆրանսիական իշխանությունների երկդիմի քաղաքականությունը:

Արա Թորանյանը իր նույն հրապարակման մեջ անդրադարձել է նաեւ WikiLeaks-ի կողմից ավելի վաղ արված մեկ այլ բացահայտման, որը վերաբերում է Ղարաբաղին: Ըստ այդ բացահայտման` Ֆրանսիայի արտգործնախարարության մի բարձրաստիճան պաշտոնյա ԱՄՆ-ի պաշտպանության նախարարին խոստովանել է, թե «Ֆրանսիայում հայկական մեծ համայնքի գոյությունը խոչընդոտ է հանդիսանում որոշ առաջարկների համար, որոնք կարող էին առաջնորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը»:

«Հարց է առաջանում, սակայն, թե որո՞նք են Ֆրանսիայի արտգործնախարարության խաղաղության այդ գեղեցիկ առաջարկները, որոնք կարող են այդ աստիճան ընդդիմություն առաջացնել հայկական ծագումով ֆրանսիացիների մոտ», - շեշտում է Արա Թորանյանը Le Monde-ում հրապարակած բաց նամակում:

«Ի շահ համաթուրանականության անցյալում գործադրված` հայերին լքելու ավանդույթը այսօր էլ շարունակվում է մեր հանրապետությունում», - իր բաց նամակը ամփոփել է ֆրանսահայ գործիչը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG