Մատչելիության հղումներ

Սերգո Կարապետյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարար


Գյուղատնտեսության նորանշանակ նախարար Սերգո Կարապետյան

Գյուղատնտեսության նորանշանակ նախարար Սերգո Կարապետյան

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 31–ին հրամանագիր է ստորագրել Գերասիմ Ալավերդյանին գյուղատնտեսության նախարարի պաշտոնից ազատելու մասին: Հանրապետության ղեկավարի այլ հրամանագրով Սերգո Կարապետյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարար: Այս մասին ասված է նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրությունում։

Կոալիցիոն համաձայնագրով, գյուղատնտեսության նախարարի պորտֆելը տնօրինում է «Օրինաց երկիր» կուսակցությունը։

Դեռ դեկտեմբերի 27–ին «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ, Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտարարել էր, որ կուսակցության քաղխորհուրդը որոշում է կայացրել գյուղատնտեսության նախարարի պաշտոնից ետ է կանչել Գերասիմ Ալավերդյանին՝ հաշվի առնելով գյուղատնտեսության ոլորտում արձանագրված 14,5 տոկոս անկումը։

Սերգո Կարապետյանը նույնպես «Օրինաց երկիր» կուսակցության անդամ է, 62 տարեկան է, ծնունդով Արտաշատից է։ Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի պտղաբանջարաբուծության եւ խաղողագործության ֆակուլտետը` գիտնական- ագրոնոմի մասնագիտությամբ։

Աշխատել է Արտաշատի պահածոների «ՍՈՎԽՈԶ» գործարանում, 1986թ. եղել է Արտաշատի պահածոների «ՍՈՎԽՈԶ» գործարանի գլխավոր տնօրենը։ 1996–ից աշխատել է «Արտաշատի պահածոների գործարան»-ում` «ԱՐՏՖՈՒԴ» ընկերության խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն:

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության եւ Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի խորհրդի անդամ է, նույն կազմակերպությունների` Արարատի մարզի խորհրդի նախագահ:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG