Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահն այցելել է երկրի պաշտպանական դիրքեր


Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Հայաստանի նախագահ, Հայաստանի Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ավանդական այցով եղել է մեր երկրի պաշտպանական դիրքերում:

Նախագահի մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանը նախ այցելել է սահմանամերձ Խաչիկ գյուղ եւ գյուղի բնակիչներին շնորհավորել գալիք տոների կապակցությամբ, հետաքրքրվել սահմանամերձ բնակավայրի խնդիրներով։

Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այնուհետեւ այցելել է պաշտպանական դիրքեր, զրուցել զինծառայողների հետ, նվերներ հանձնել ծառայության ընթացքում աչքի ընկած զինվորներին:

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Նոր տարվա կապակցությամբ և 2011թվականին բոլորիդ ցանկանում եմ ուժ, կորով, հավատ, որպեսզի դուք կարողանաք պատվով կատարել այն սուրբ գործը, որ ձեզ է հանձնարարված: Զինվոր լինելը ամենապատվաբեր գործն է: Հայրենիքի սահման պաշտպանող զինվորը մեր աչքի լույսն է և որքան այդ զինվորը տոկուն լինի, հաստատակամ լինի, այնքան մենք լինելու ենք ավելի վստահ և ավելի կազմակերպված», – զինվորներին ուղղված իր շնորհավորական խոսքում, մասնավորապես, ասել է Հայաստանի նախագահը։

Պաշտպանական դիրքեր այցելության ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանին ուղեկցել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG