Մատչելիության հղումներ

Նախագահ Սարգսյանը պարգեւատրել է մարզիկներին եւ մարզիչներին


Այս տարվա լավագույն տասը մարզիկներ եւ մարզիչներ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար հինգշաբթի օրը պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներով, մեդալներով եւ ՀՀ Նախագահի շնորհակալագրով:

Պարգեւատրման երեկոյին մասնակցող նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է մարզիկներին առաջիկա տոների կապակցությամբ, մաղթել նորանոր հաջողություններ սպորտի բնագավառում եւ հանձնել պարգեւները:

Նախագահի կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն, Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի գլխավոր տնօրեն, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, իսկ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը` Մովսես Խորենացու մեդալով:

Նախագահ Սերժ Սարգսյանի այլ հրամանագրով, բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Սուրեն Ղազարյանն արժանացել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կոչման:

Հունահռոմեական ըմբշամարտի մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը, ձյուդոյի մարզիչ Արթուր Գևորգյանը, թաեքվոնդոյի մարզիչ Գևորգ Դանիելյանը, ծանրամարտի մարզիչ Էդուարդ Կիզողյանը, ծանրամարտի մարզիչ Արտակ Ներսիսյանը, սպորտային մարմնամարզության մարզիչ Սոս Սարգսյանն արժանացել են վաստակավոր մարզչի կոչման:

Նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ, Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Գրիգորյանը պարգեւատրվել է Հայաստանի նախագահի շնորհակալագրով:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG