Մատչելիության հղումներ

Ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման (ԱՊՊԱ) ծածկույթը Հայաստանում դեկտեմբերի 30-ի դրությամբ կազմում է շուրջ 40 տոկոս, եւ գործընթացը, ըստ Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի քաղաքականության եւ ֆինանսական կայունության վարչության պետ Վահե Վարդանյանի, շարունակվում է:

«Բավականին մեծ զանգված կա արդեն վաճառված պոլիսների, որ ապահովագրական ընկերությունները պարզապես ֆիզիկապես չեն հասցնում ափոփել, հաշվարկել», - լրագրողների հետ հանդիպմանը հինգշաբթի օրը փոխանցեց Վարդանյանը` շարունակելով. - «Մեր գնահատականներով, Ամանորից հետո մենք կունենանք առնվազն 50 տոկոս ապահովագրվածների կշիռ, որը միջազգային պրակտիկայի հետ համեմատելով վատ ցուցանիշ չէ»:

Պաշտոնյան հիշեցրեց, որ մշակվել են համապատասխան գործիքներ, որոնք առանձին դեպքերում դյուրացնելու են ապահովագրման արդյունքում առաջանալիք ֆինանսական դժվարությունները: Խոսքը տրանսպորտային միջոցները ժամանակավորապես հաշվառումից հանելու մասին է:

«Քաղաքում կամ գյուղական վայրերում ովքեր չեն ցանկանում վարել ավտոմեքենա եւ չեն ցանկանում ապահովագրել, կարող են ժամանակավորապես ապահաշվառել ավտոմեքենան: Դրա համար կառավարությունը հատուկ որոշում է կայացրել», որ այդ գործընթացը լինելու է անվճար», - հավելեց Վահե Վարդանյանը:

Ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման գործընթացը Հայաստանում որոշակի դժգոհություններ է առաջացրել: Ընդդիմախոսները, մասնավորապես, նշում են մեքենատերերի զգալի հատվածի վրա ֆինանսական լրացուցիչ` բավական զգալի բեռ դնելու եւ ապահովագրական շուկայի չկայացածության պայմաններում համատարած ապահովագրման պարտադրման անթույլատրելիությունը:

Ապահովագրման միջին գումարը տատանվում է 25-35 հազար դրամի սահմաններում: 2011-ի առաջին իսկ օրվանից չապահովագրված ավտոմեքենաների վարորդները տուգանվելու են 50 հազար դրամի չափով:

«Արդարացի մրցակցային դաշտը ապահովված չէ, եւ բացի այդ, սոցիալական ծանր իրավիճակում գտնվող Հայաստանի քաղաքացիներին պարտադրել եւս մեկ սոցիալական բեռ, անթույլատրելի է: Ես կարծում եմ, որ կառավարությունը պետք է գիտակցի այս ամենը: Եվ կարծում եմ, որ եթե լինի իրապես ժողովրդի կողմից բողոք եւ հետեւողական պայքար, գործընթացը հնարավոր է նաեւ փոփոխության ենթարկել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:

Մինչդեռ կառավարությունը, կարծես թե, անդրդվելի է: Այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը խիստ քննադատության է ենթարկել ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության դեմ «Ժառանգության» նախաձեռնած արշավը:

«Մեղադրանքների մի մասը ուղղակի անհեթեթություն է: Պոպուլիստական քարոզչություն են ուղղակի վարում` չհասկանալով, որ վնաս են հասցնում իրենց հեղինակությանը, որովհետեւ անհեթեթ բաներ են հայտարարում, ուղղակի ուզում են խոչընդոտել բարեփոխումները մեր երկրում: Միջազգային փորձագետը գալիս է, բացատրում է սրա անհրաժեշտությունը, մյուս օրը զանգվածային հարձակում… ցեխ են լցնում այդ փորձագետի վրա», - ասել է, մասնավորապես, Տիգրան Սարգսյանը` առաջարկելով. - «Պետք է գնան այդ քարոզողներից հետո այդ վնասները պահանջեն»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG