Մատչելիության հղումներ

Այսուհետ տնտեսական աճ կապահովեն արդյունաբերությունը եւ տեղեկատվական տեխնոլոգիաները


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգշաբթի օրը Կառավարության այս տարվա վերջին` 51-րդ նիստում հայտարարեց, որ Հայաստանում տնտեսական աճը այսուհետ շինարարության եւ գյուղատնտեսության փոխարեն ապահովելու են արդյունաբերությունը եւ տեղեկատվական տեխնոլոգիաները:

Ըստ վարչապետի` տեղի է ունենում տնտեսության դիվերսիֆիկացիա, և «արդյունաբերությունը, ժամանակակից տեխնոլոգիաները, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հանդիսանալու են տնտեսության զարգացման հիմնական շարժիչը»:

«Այդ են վկայում 2010 թվականի արդյունքները: Մասնավորապես, մենք տարին ավարտելու ենք մոտավորապես 2.6 տոկոս տնտեսական աճով` ծրագրավորված 1.2 տոկոսի փոխարեն: Այդ տնտեսական աճը մենք ապահովում ենք` ունենալով 14.5 տոկոս անկում գյուղատնտեսությունում, ունենալով շուրջ 4 տոկոս անկում շինարարության ոլորտում: Հիմանական աճը ապահովող ոլորտն արդյունաբերությունն է եւ ենթակառուցվածքները», - ասաց Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի խոսքով` սա լինելու է 2011-2012 թթ. զարգացման հիմնական միտումը, քանի որ Հայաստանի կառավարության հակաճգնաժամային ծրագրի հիմնական ուղղվածությունը եղել է տնտեսության դիվերսիֆիկացիայի ապահովումը:

Խոսելով Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների վիճակի մասին` Տիգրան Սարգսյանը ընդգծեց. - «Հայաստանը 3G ստանդարտով ծածկել է ամբողջ տարածքը եւ առաջին անգամ Հայաստանում գործարկվել է 4G կապի տեխնոլոգիաների ստանդարտը: Այդ առումով Հայաստանի Հանրապետությունը առաջինն է ԱՊՀ շրջանակներում եւ մտնում է աշխարհի 10 պետությունների շարքի մեջ, որոնք փորձարկել են 4G ստանդարտը: Չափազանց կարեւոր է, որ 2010 թվականին արագագործ ինտերնետի մանրածախ սակագինը 15 հազար դրամից իջել է մինչեւ 8 հազար դրամ` 1 մեգաբիթի համար»:

Ըստ վարչապետի` 2010 թվականի ընթացքում Հայաստանում երկու անգամ ավելացել են ինտերնետ սպառողները:

«Նրանց թիվը հասել է 173 հազարի, իսկ եթե խոսենք հեռախոսային կապի միջոցով ինտերնետից օգտվողների թվի մասին, ապա այն գերազանցում է 1.5 միլիոնը: Եվ չափազանց կարևոր է, որ նաեւ մեծածախ ինտերնետի սակագները նվազել են շուրջ 2 անգամ: Սա նշանակում է, որ 2011 թվականին տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար Հայաստանում ավելի բարենպաստ միջավայր է ձեւավորվում, եւ դա Կառավարության գերակայություններից մեկն է», - ասաց վարչապետը:

Վարչապետը տարվա կտրվածքով արձանագրված բավականին բարձր գնաճը բացատրեց գյուղատնտեսության ոլորոտում արձանագրված «էական անկմամբ», որի պատճառն էլ համարեց բնակլիմայական վատ պայմանները: Ըստ Տիգրան Սարգսյանի` անկումը գյուղատնտեսությունում «նաեւ լուրջ հարված էր մակրոտնտեսական կայունությանը, որովհետեւ էական բացասական ազդեցություն ունեցավ գնաճի ցուցանիշի վրա»:

«Մենք այսօր ունենք բավական բարձր գնաճ` 9.4 տոկոս: Այս ցուցանիշը մեզ համար շատ ավելի բարձր է համեմատած մեր հարեւանների հետ, քանի որ Հայաստանը մինչճգնաժամային փուլում մշտապես ունեցել է, ի համեմատություն այլ երկրների, ցածր գնաճի մակարդակ, որը չի գերազանցել 3 տոկոսը, իսկ 9.4 տոկոսը, բնականաբար, բավական բարձր ցուցանիշ է եւ լուրջ մարտահրավեր է նաև 2011թվականի համար», - ասաց վարչապետը:

Պետբյուջեի եկամուտների հավաքագրման վերաբերյալ վարչապետը նշեց, թե տարվա ընթացքում Պետեկամուտների կոմիտեն անգամ գերատակատարել է իր առաջադրանքը:

«Այս տարի բյուջե մուտքագրված կունենանք ավելի քան 590 մլրդ դրամի հարկային եկամուտներ, որը 20 միլիարդով կգերազանցի մեր ծրագիրը: Եթե համեմատենք 2009 թվականի հետ, ապա հարկային մուտքերն ավելացել են 72 միլիարդ դրամով կամ աճել են 14 տոկոսով», - շեշտեց Տիգրան Սարգսյանը:

Ամփոփելով իր խոսքը` վարչապետը ասաց, որ բյուջեի դեֆիցիտը լինելու է ծրագրվածից ավելի ցածր: Իսկ գալիք տարվա համար վարչապետը տվեց հետեւյալ գնահատականները. - «Ընդհանուր առմամբ 2010 թվականը բավական լարված եւ բարդ տարի էր, եւ 2011 թվականը նույնպես լինելու է բարդ տարի, որովհետեւ, ի տարբերություն 2010 թվականի, ծրագրել ենք 4.6 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ, իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակլիմայական պայմանները բարենպաստ չեն գյուղատնտեսության համար, ապա հիմնական շեշտադրումը լինելու է այն ոլորտների վրա, որ ես թվարկեցի. դա արդյունաբերությունն է, ենթակառուցվածքային ոլորտն է, տուրիզմի բնագավառն է, ժամանակակից տեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիայի ոլորտն է, եւ այդ ոլորտներում նոր ներդրումները, բնականաբար, ապահովելու են նաեւ մեր տնտեսության դիվերսիֆիկացիայի ավելի բարձր մակարդակ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG