Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան գործընթացը Ռուսաստանի ԱԳՆ-ն 2010-ի կարեւոր իրադարձություն է համարում


Ռուսաստանի արտգործնախարարության շենքը

Ռուսաստանի արտգործնախարարության շենքը

Արտգործնախարարության պաշտոնական կայքում տեղադրված ամփոփագրում 24 հիմնական իրադարձություններ են նշված, այդ թվում` որ շարունակվել են նպատակաուղղված ջանքերը ԱՊՀ-ի տարածքում հակամարտությունների կարգավորման համար, միջազգային բարձր գնահատականի է արժանացել Ռուսաստանի միջնորդական գործունեությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում, այդ շրջանակներում տեղի են ունեցել Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի, Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումներ` հունվարի 25-ին` Սոչիում, հունիսի 17-ին` Սանկտ Պետերբուրգում, հոկտեմբերի 27-ին` Աստրախանում։

Մյուս հակամարտությունների մասին նշված է, որ որպես Մերձդնեստրի հակամարտության կարգավորման երաշխավոր եւ 5+2 ձեւաչափի բանակցությունների միջնորդ` Ռուսաստանը խթանել է շփումները պաշտոնական Քիշնեւի եւ Տիրասպոլի միջեւ` հակամարտության շուտափույթ կարգավորման ուղղությամբ։

Վրաստանի հակամարտությունների մասին ասված է, որ Անդրկովկասում անվտանգության եւ կայունության հարցերով ժնեւյան քննարկումներում Ռուսաստանը հետեւողականորեն հանդես է եկել Վրաստանի, Հարավային Օսիայի ու Աբխազիայի միջեւ ուժի չկիրառմանը իրավական ձեւակերպում տալու օգտին։

Պաշտոնական Մոսկվան նաեւ պնդում է, որ հոկտեմբերին ռուսական ուժերը դուրս բերելով Հարավային Օսիայի ու Վրաստանի վիճարկելի տարածքից` Փերեւի գյուղի սահմանային դիրքից` վերջնակապես փակվել է Մեդվեդեւ - Սարկոզի համաձայնությունը Ռուսաստանի կողմից կատարելու խնդիրը։

Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների թվում նշված է նաեւ, որ ԱՊՀ-ի տարածքում ինտեգրման զարգացումը մեծ նշանակություն է ունեցել 2010 թվականին ԱՊՀ-ն նախագահող Ռուսաստանի համար։

Որպես ճեղքում է գնահատված ԵվրԱզԷՍ-ի մաքսային միության ստեղծումը՝ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի մասնակցությամբ։ Դեկտեմբերին այս երեք երկրների ղեկավարների մասնակցությամբ եւս մեկ քայլ է արվել միասնական տնտեսական տարածքի ձեւավորման ուղղությամբ։

Հաստատվել է Հավաքական անվտագության պայմանագրի անհրաժեշտությունը` որպես առանցքային կառույց հետխորհրդային տարածքում կոլեկտիվ անվտանգության ապահովման գործում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG