Մատչելիության հղումներ

WikiLeaks-ը գաղտնազերծում է հայ - թուրքական գործընթացին առնչվող փաստաթուղթ


Հայ - թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությունը, Ցյուրիխ, 10-ը հոկտեմբերի, 2009թ.
Հայ - թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությունը, Ցյուրիխ, 10-ը հոկտեմբերի, 2009թ.
Շվեյցարիայի իշխանությունները, նախ եւ առաջ` արտգործնախարար Միշլին Քալմի-Ռեյը, հայ - թուրքական հաշտեցման գործընթացն ու երկկողմ արձանագրությունների ստորագրումն ընկալում էին որպես պաշտոնական Բեռնի միջնորդական ջանքերի լուրջ հաջողության վկայություն: Այդ է վկայում WikiLeaks կայքում զետեղված գաղտնի նամակը, որը 2009-ի հոկտեմբերի 8-ին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին գրել է Բեռնում Միացյալ Նահանգների դեսպան Դոնալդ Բեյերը:

Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման նախօրեին գրված այս ուղերձում ասված է. - «Ես եւ Բեռնի դեսպանության ողջ աշխատակազմը անհամբերությամբ ենք սպասում ձեր այցին: Այն, ըստ ամենայնի, նշանակալի իրադարձություն կդառնա հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին, ինչն էլ, իր հերթին, կնպաստի Եվրատլանտյան անվտանգության համակարգի ամրապնդմանը»:

Ամերիկացի դեսպանը հատուկ ընդգծում է այն կարեւոր միջնորդական դերակատարությունը, որ պաշտոնական Երեւանի եւ Անկարայի շփումներում ստանձնել էր Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Միշլին Քալմի-Ռեյը:

«Տիկին Քալմի-Ռեյն այսօր իրեն բավական վստահ է զգում, ինչը վերջին շրջանում արձանագրված մի շարք արտաքին քաղաքական հաջողությունների արդյունք է: Խոսքը շվեյցարական UBS բանկի եւ Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության միջեւ ձեռք բերված համաձայնության, ինչպես նաեւ Ժնեւում կազմակերպված բանակցությունների մասին է, որոնց մասնակցեցին Իրանի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հինգ պետությունների եւ Գերմանիայի ներկայացուցիչները: Այդ հաջողությունների թվին կարելի է դասել նաեւ հայ - թուրքական արձանագրությունների` հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում կայանալիք ստորագրումը, որն ուղի է հարթելու երկու պետությունների միջեւ հարաբերությունների կարգավորման համար», - նշել է դեսպան Բեյերը` խորհուրդ տալով, սակայն, չանտեսել ներքաղաքական այն հնչեղությունը, որին արժանանում են Շվեյցարիայի արտգործնախարարի քայլերը:

«Թեեւ Քալմի-Ռեյը հաջողությունները տոնելու բավարար պատճառներ ունի, այնուհանդերձ, նախարարի արտաքին քաղաքական ակտիվությունը Շվեյցարիայի քաղաքական դաշտում միանշանակ չի ընկալվում: Նման վերաբերմունքը, ըստ ամենայնի, շվեյցարական չեզոքության բազմադարյա ավանդույթի արդյունքն է: Երբ խոսքը Շվեյցարիայի` որպես միջնորդ պետության ներուժի կիրառմանն է վերաբերում, ինչպես, օրինակ, հայ - թուրքական գործընթացի պարագայում է, ապա հանրային աջակցությունը երկրի ներսում բավական ուժեղ է: Բայց ավելի «բարդ» դեպքերում Քալմի-Ռեյի տեսակետները շվեյցարական հանրության լայն աջակցությանը չեն արժանանում», - նշում է ամերիկացի դիվանագետը` մասնավորապես հիշեցնելով այն ակտիվ աջակցության մասին, որ ցուցաբերեց Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարը Կոսովոյի անկախացման ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG