Մատչելիության հղումներ

Հայաստանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուշադրությունն է հրավիրում հրադադարի խախտումների վրա


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հանդիպումը ՆԱՏՕ-ի Լիսաբոնի գագաթնաժողովի շրջանակներում, 20-ը նոյեմբերի, 2010թ.

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հանդիպումը ՆԱՏՕ-ի Լիսաբոնի գագաթնաժողովի շրջանակներում, 20-ը նոյեմբերի, 2010թ.

Դեկտեմբերի 30-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հասցեագրված նամակով տարածվել է Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրված տեղեկատվությունը` 2010 թվականի նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից հայ - ադրբեջանական շփման գծում զինադադարի խախտման դեպքերի մասին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` նամակում մասնավորապես նշվում է, որ «Ադրբեջանը շարունակաբար չարաշահում է իր ՄԱԿ-ի անդամակցության հանգամանքը` առիթ բաց չթողնելով անամոթաբար վարկաբեկել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը»:

«Հակառակ Մինսկի խմբում ընթացող բանակցությունների ոգուն եւ հակառակ ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի, ադրբեջանական կառավարությունը` հանձինս նախագահի եւ նրա զանազան ներկայացուցիչների, արդեն երկար ժամանակ է իրականացնում են այլատյացության լայնածավալ քարոզչական արշավ Հայաստանի եւ համայն հայության դեմ, որով ստեղծում են լուրջ սպառնալիք տարածաշրջանում խաղաղության եւ կայունության համար», - ասված է նամակում: - «Հայաստանը, ինչպես եւ Մինսկի խմբի համանախագահները, մտահոգություն է հայտում 2010 թվականի ընթացքում շփման գծի երկայնքով ադրբեջանական սահմանախախտումների քանակի աճի եւ հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ, որոնց արդյունքում բոլոր կողմերից եղել են զոհեր: Ադրբեջանը շարունակում է մերժել Մինսկի խմբի համանախագահների եւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչերը` շփման գծից դիպուկահարների հեռացման մասին, որոնցից վերջինը հնչել է 2010 թվականի դեկտեմբերի 1-ին, Աստանայում` ԵԱՀԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում»:

Նամակը եւ կից նյութերը տարածվել են որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ Գլխավոր ասամբլեայի փաստաթուղթ:

Շաբաթասկզբին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ Գլխավոր ասամբլեայի անդամներին նամակ է հղել կազմակերպությունում Ադրբեջանի ներկայացուցիչը` հերթական անգամ Հայաստանին մեղադրելով «օկուպացիոն քաղաքականություն վարելու» մեջ:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG