Մատչելիության հղումներ

logo-print
Օգտվելով իր սահմանադրական իրավունքից` Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի օրը 4 երկրներում, այդ թվում` Ադրբեջանում եւ Թուրքիայում, ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում նշանակել է իր առաջարկած թեկնածուներին, որոնք ավելի վաղ ընդդիմության էին արժանացել Սենատում։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան է նշանակվել փոխպետքարտուղարի տեղակալ, Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան, ում թեկնածությունը հայամետ սենատորներ Բարբարա Բոքսերը եւ Ռոբերտ Մենենդեսը առկախել էին ամիսներ առաջ` Ադրբեջանի իշխանությունների հետ նրա ունեցած սերտ կապերի, ինչպես նաեւ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում թույլ տված բացթողումների համար։

Այժմ Բրայզան, ինչպես նաեւ Թուրքիայում, Սիրիայում եւ Չեխիայում Օբամայի կողմից նշանակված մյուս դիվանագետները կստանձնեն իրենց լիազորությունները առանց Սենատի քվեարկության` շուրջ մեկ տարի ժամկետով։

Այս իրավասությունը Միացյալ Նահանգների նախագահին վերապահված է երկրի Սահմանադրությամբ: Ըստ այդմ, Սենատի` արձակուրդում գտվելու ժամանակ Սպիտակ տան ղեկավարը իրավունք ունի նշանակումներ կատարել երկրի առանցքային պաշտոններում, որպեսզի դրանք թափուր չմնան։ Եվ այժմ, երբ 111-րդ Սենատն ավարտել է աշխատանքները, իսկ 112-րդի նիստերը դեռ չեն մեկնարկել, Օբաման, օգտվելով այդ իրավունքից, իր նախընտրած թեկնածուներին գործողում է Թուրքիա եւ Ադրբեջան, որտեղ դեսպանի պաշտոնը թափուր էր ամիսներ շարունակ։

The New York Times-ի հաղորդմամբ` վիճահարույց թեկնածուների նշանակման մասին որոշումը հրապարակվել է մամլո հաղորդագրությամբ. - «Օահու կղզում ընտանիքի հետ հանգիստ վայելող նախագահը որեւէ բացատրություն կամ մեկնաբանություն չի ներկայացրել, նշելով միայն, որ այդ պաշտոնները թափուր էին բավական տեւական ժամանակ»։

ԱՄՆ-ի օրենսդրության համաձայն, նշանակված պաշտոնյաները կաշխատեն մինչեւ 112-րդ Կոնգրեսի հաջորդ նստաշրջանի ավարտը` մոտավորապես մեկ տարի: Այդ ընթացքում, Սպիտակ տունը կարող է թեկնածությունները վերստին քվեարկության դնել օրենսդիր մարմնում, եւ եթե դիվանագետները արժանանան սենատորների հավանությանը, կշարունակեն պաշտոնավարումը, եթե ոչ` ստիպված կլինեն Վաշինգտոն վերադառնալ։

Փորձագետները փաստում են, որ Միացյալ Նահանգների նախագահները որպես կանոն օգտվում են օրենսդրական այս լիազորությունից հատկապես առանցքային նշանակումների հետ կապված դժվարությունները հաղթահարելու համար` ակնկալելով, որ մեկ տարվա գործունեության ընթացքում իրենց նախընտրած թեկնածուն կապացուցի ընդդիմադիրներին, որ կարող է արդյունավետորեն ծառայել Միացյալ Նահանգների շահերին։

Պաշտոնական Բաքուն եւ Անկարան արդեն ողջունել են նախագահ Օբամայի որոշումը՝ ընդգծելով, որ այն կամրապնդի Միացյալ Նահանգների հետ երկու երկրների հարաբերությունները։

«Ադրբեջանը վաղուց է տվել իր համաձայնությունը դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի նշանակմանը», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ էլխան Պոլուխովը: Իսկ իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովը ընդգծել է, որ Բաքուն նորանշանակ դեսպանից ակնկալում է «ակտիվ քաղաքականություն ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ»։

Թուրքիայում նորանշանակ դեսպան Ռիկարդոնեին սպասում են արդեն օրեր անց: «Ակնկալվում է, որ նա Անկարա կժամանի հունվարի սկզբին», - հաղորդում է «Հյուրիեթ»-ը եւ ընդգծում, որ դիվանագիտական շրջանակները «ոգեւորությամբ են ընդունել Վաշինգտոնից ստացված այդ լուրը»։

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը արդեն խստորեն դատապարտել է նախագահ Օբամայի այս որոշումը: «Ամերիկահայերը լրջորեն մտահոգված են Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի նշանակմամբ` մի դիվանագետ, որը լուրջ բացթողումներ էր արձանագրել Միացյալ Նահանգների շահերը Ադրբեջանում ներկայացնելիս», - հայտարարել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը եւ հավելել. - «Օբամայի այս որոշումը արջի ծառայություն է ամերիկյան դիվանագիտությանը, մի քայլ, որը խարխլում է ամերիկյան ժողովրդի կարողությունը` առաջ տանել սեփական արժեքներն ու շահերը Կովկասյան տարածաշրջանում»։

2006 եւ 2007 թվականներին, երբ սենատոր Մենենդեսը երկու անգամ արգելափակեց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում առաջադրված Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը` պնդելով, որ նա մերժողական դիրքորոշում ունի Հայոց ցեղասպանության վերաբերյալ, նախագահ Ջորջ Բուշը չօգտվեց Կոնգրեսի արձակուրդի ժամանակ նշանակում կատարելու իր իրավունքից եւ ի վերջո 2008 թվականի մարտին այդ պաշտոնում առաջադրեց նոր թեկնածուի` Մարի Յովանովիչին:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG