Մատչելիության հղումներ

Ստեփանավանում 44 ընտանիք բնակարան ստացավ


Վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսում է նոր բնակարան ստացած ստեփանավանցի կնոջ հետ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսում է նոր բնակարան ստացած ստեփանավանցի կնոջ հետ

1988 թվականի Սպիտակի երկաշարժից անօթեւան դարձած 44 ստեփանավանցի ընտանիք արդեն նոր բնակարան ունի:

Կառավարության միջոցներով անցած 1.5 տարվա ընթացքում ավարտին են հասցվել Լոռում մարզի Ստեփանավան քաղաքի 4 բազմաբնակարան շենքեր, որոնց կառուցման համար պետական բյուջեից ծախսվել է մոտ 550 միլիոն դրամ:

Չորեքշաբթի օրը վարչապետ Տիգրան Սարգսյանը ստեփանավանցիներին հանձնեց բնակարանների հավաստագրերը եւ շնորհավորանքի իր խոսքում, անդրադառնալով աղետի գոտու խնդիրների վերջնական լուծման անհրաժեշտությանը, ասաց, որ Կառավարությունը «այդ խնդիրը հետեւողականորեն լուծում է»:

Համաձայն Կառավարության սահմանած կարգի` երկրաշարժի հետեւանքով բազմաբնակարան կորցրած անօթեւաններին սովորաբար հատկացվում է այնքան սենյականոց բնակարան, որքան նրանք կորցրել են: Այն ընտանիքները, որոնց անդամների քանակը նվազել է, ստանում են կորցրածից պակաս բնակմակերես: Մինչդեռ ընտանիքում հավելում ունեցողները ստանում են ոչ թե կորցրածից ավելի սենյակներով բնակարան, այլ այնքան, որքան կորցրել են:

Ստեփանավանցիները, թեեւ ուրախ են, որ երկրաշարժից 22 տարի անց հիմնական տանիք ունեն, բայց եւ տարակուսում են Կառավարության սահմանած կարգի վերաբերյալ:

«Երկու սենյակում մենք ապրելու ենք ութ հոգով», - ասաց բնակարան ստացած ստեփանավանցիներից մեկը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք դա տնակից լավ չէ, քաղաքացին պատասխանեց. - «Ոչ, որովհետեւ իմ դոմիկը 3 սենյակ է, բնակարանը` 2 սենյակ: Բայց ես զարմանում եմ` ինչո՞ւ հաշվի չեն առնում, որ մարդիկ ավելանում են, ինչո՞ւ չեն ավել տալիս»:

Ստեփանավանի բնակարանային հերթացուցակում 56 ընտանիք է ներառված, մինչդեռ, ինչպես լրագրողներին ասաց Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, միայն 44-ն են բավարարում Կառավարության առաջադրած պահանջին: Կառավարությունը բնակարանով ապահովում է աղետից տուն կորցրած այն ընտանիքներին, որոնք անցած տարիների ընթացքում սեփականություն ձեռք չեն բերել:

«12 ընտանիք շահառու չեն ճանաչվել, նրանք տարբեր ճանապարհներով կամ ժամանակի ընթացքում նաեւ պետության աջակցության շնորհիվ նախկինում բնակարաններ ստացել էին, նրանց բնակարանային խնդիրները լուծված էին, հետեւաբար ցուցակը նայելուց հետ, մենք նրանց նոր բնակարաններ չհատկացրեցինք», - ասաց Քաղաքաշինության նախարարը:

Կառուցված նոր չորս շենքերով Լոռու մարզում աղետից անօթեւան դարձածների բնակարանային հարցերը չեն լուծվում: Ստեփանավանում ավելի քան 300 ընտանիք կա, որոնք մինչ երկաշարժը սեփական տուն են ունեցել: Այս, ինչպես նաեւ Սպիտակ քաղաքի ավելի քան 500 ընտանիքներ աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրում ներառված չեն:

«Այս ծրագիրը ավարտելուց հետո` մենք հիմա վարչապետի հանձարարությամբ հայեցակարգ ենք մշակում, կտանք գնահատականը, թե ինչ ներդրումներ են պահանջվում այդ ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար, եւ ես կարծում եմ, որ 2011 թվականի երկրորդ կիսամյակում մենք արդեն հստակ ծրագիր կունենանք, թե հետագայում այդ մյուս սոցիալապես անապահով խավին ինչ միջոցներով օգնենք», - ասաց Վարդանյանը:

Նշենք, որ բնակարանները գազամատակարարում ունեն, տեղադրված է նաեւ ջեռուցման համակարգ: Շինարարական կազմակերպությունը թերությունների հայտնաբերման դեպքում պարտավորվել է դրանք վերացնել իր միջոցնելով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG