Մատչելիության հղումներ

«Վերացել է իրեն անձեռնմխելի համարող վարորդ հասկացությունը»


Մարգար Օհանյանի ասուլիսը, Երեւան, 29-ը դեկտեմբերի, 2010թ.
Մարգար Օհանյանի ասուլիսը, Երեւան, 29-ը դեկտեմբերի, 2010թ.
Հայաստանի ճանապարհային ոստիկանության պետ, գնդապետ Մարգար Օհանյանը չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հավաստիացրեց, որ այլեւս վերացել է «իրեն անձեռնմխելի համարող եւ խախտում կատարող վարորդ» հասկացությունը:

«Մոտ երկու տարի առաջ, երբ երկրի նախագահը համապատասխան հանձնարարություն տվեց ոստիկանությանը, շատերը թերահավատ էին` ասելով, թե 1-2 ամիս հետո կդադարեցվի նման խախտողների նկատմամբ խիստ մոտեցման ցուցաբերումը, մինչդեռ այդպես չեղավ», - ասաց գնդապետը` հավելելով. - «Բոլոր` անգամ ամենաժողովրդավարական երկրներում, ճանապարհային երթեւեկության խախտումներ լինում են»:

«[Բայց] մենք հասել ենք նրան, որ արդեն դիտավորյալ խախտում կատարողին ազգաբնակչությունը չի խրախուսում», - հայտարարեց Օհանյանը:

Ճանապարհային ոստիկանությունը, ըստ պետի, համարժեքորեն է արձագանքում նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի` վերջերս հնչեցրած մտահոգությանը: Հիշեցնենք` Հանրապետական կուսակցության 20-ամյակին նվիրված հանդիսության ժամանակ նախագահը, մասնավորապես, հայտարարել էր. - «Ինձ համար հասկանալի չէ թիկնապահների այն շքահանդեսը, որ կարելի է տեսնել մեր երկրում: Իմ դիրքորոշումը հստակ է` թիկնապահներ կարող են լինել միայն օրենքով սահմանված դեպքերում, օրենքով սահմանված չափի եւ ձեւի մեջ»:

Մարգար Օհանյանը այս կապակցությամբ ասաց. - «Ունենք արդեն իսկ արդյունքները: Հաջորդ օրվանից առիթ չեղավ, որ տեսնենք հետեւից եկող ավտոմեքենաները»:

Ամփոփելով անցնող 2010 թվականը` ճանապարհային ոստիկանության պետը նշեց, թե առկա է որոշակի առաջընթաց 2009 թվականի, եւ բավականին էական տեղաշարժ` 2008-ի համեմատ: Խոսքը վերաբերում է ճանապարհատրանսպորտային պատահարների եւ դրանց հետեւանքով վիրավորված կամ զոհված քաղաքացիների թվի կրճատմանը:

2008-ին գրանցվել էր 2202 պատահար, որոնց արդյունքում զոհվել էր 407, վիրավորվել` 3 հազար 125 մարդ: 2009-ին, Մարգար Օհանյանի խոսքով, ոստիկանության ջանքերի արդյունքում, դեպքերը 200-ով կրճատվեցին: Զոհերի թիվը, համապատասխանաբար, նվազեց 82-ով, վիրավորներինը` 372-ով:

«Երկու տարիների ընթացքում մեր բոլորիս աշխատանքի արդյունքում 453 դեպքով նվազել են դեպքերը, 200 մարդ պակաս է զոհվել, 860 մարդ պակաս է վիրավորվել», - հայտարարեց նա:

Հարցին` ինչպիսի՞ն է լինելու վերաբերմունքը 2010-ի ավարտից հետո պարտադիր ապահովագրություն չունեցող վարորդների նկատմամբ, գնդապետ Օհանյանը պատասխանեց, թե որեւէ այլ ցուցում չունեն եւ շարժվելու են արդեն իսկ առկա հրահանգավորման շրջանակներում: Հիշեցնենք` նման դեպքերի համար նախատեսված է տուգանք` 50 հազար դրամի չափով:

Ի դեպ, խիստ է լինելու վերաբերմունքը նաեւ տոնական օրերին ալոկոհոլ օգտագործած վարորդների նկատմամբ:

«Թույլ չպետք է տանք, որ կրկնվի անցած հունվարի տխուր վիճակագրությունը», - ասաց ճանապարհային ոստիկանության պետը`հավելելով. - «Ո՞ւմ մեղմ մոտենամ… Մեղմ մոտենամ 2010 թվի հունվարի 1-ին 12 դեպք, 3 զոհ, 19 վիրավորի… Ես այդ 3 զոհի մորը ի՞նչ պատասխանեմ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG