Մատչելիության հղումներ

logo-print

Սեյրան Օհանյան. «Մեր զինված ուժերը 2010-ին պատվով են կատարել իրենց գլխավոր խնդիրը»


Սեյրան Օհանյան

Սեյրան Օհանյան

«Մեր զինված ուժերը 2010 թվականին պատվով են կատարել իրենց գլխավոր խնդիրը` մեր պետության պաշտպանության ապահովումը», - ասված է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ամանորյա ուղերձում:

«Հետեւողականորեն շարունակվել են զորքերի մարտական պատրաստության բարձրացման, անձնակազմի ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդմանն ուղղված աշխատանքները: Իրականացվել են մարտական հերթապահության բարելավման, սահմանամերձ շրջանների անվտանգությունն ամրապնդելու լայնածավալ միջոցառումներ: Անցնող տարում դաշտային երթերի, շտաբային զորավարժությունների եւ մարզումների հետ մեկտեղ անցկացվել են օպերատիվ-մարտավարական մի շարք զորավարժություններ, որոնք լրջորեն կատարելագործել են մեր զինված ուժերի անձնակազմի տեսական եւ գործնական ունակությունները: Այս ամենի արդյունքում էականորեն բարձրացել է զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների ներդաշնակման եւ մարտական խնդիրների կատարման աստիճանը», - նշում է Սեյրան Օհանյանը իր ուղերձում, որը տրամադրել են պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: - «2010 թվականին զգալի առաջընթաց է գրանցվել նաեւ հայրենական ռազմարդյունաբերական համալիրի զարգացման գործում»:

«Արդիականացվել եւ հագեցվել է բանակի նյութատեխնիկական բազան: Ընդլայնվել է ռազմական համագործակցությունը թե' ՀԱՊԿ-ի եւ թե' ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ: Ռազմական համագործակցության շրջանակներում երկրի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ մասնակցել են արտերկրում կազմակերպված տարաբնույթ զորավարժությունների: Հայաստանի Հանրապետության զինծառայողները պատվով են կատարել միջազգային անվտանգության ապահովման իրենց խնդիրները թե' Կոսովոյում եւ թե' Աֆղանստանում», - ասված է պաշտպանության նախարարի ուղերձում:

«Բանակն ավելի բաց եւ թափանցիկ է դարձել հասարակության առջեւ: Ողջունելի է, որ զինված ուժերում տեղի ունեցած ինչպես դրական, այնպես էլ բացասական երեւույթներն ակտիվորեն քննարկվել են հասարակության տարբեր շրջանակներում եւ մամուլում: Այնուամենայնիվ, բանակում խնդիրները դեռեւս շատ են, իսկ դրանց լուծումը պահանջում է բոլորիս ուշադրությունն ու նվիրումը», - ընդգծում է Սեյրան Օհանյանը` հավելելով. - «Պաշտպանական բարեփոխումների գործընթացը, որն ուղղված է այդ խնդիրների լուծմանը, շարունակական բնույթ է կրում` տարեցտարի առաջադրելով առավել բարձր չափանիշներ: Կարծում եմ` 2011 թվականին պաշտպանական բարեփոխումները կապահովեն այնպիսի որակական առաջընթաց, որը նոր մակարդակի կբարձրացնի զինված ուժերի մարտական վարպետության աստիճանը եւ միաժամանակ տեսանելի կլինի հասարակության համար»:

Նախարարը հավաստիացնում է, որ պաշտպանական բարեփոխումների բոլոր խնդիրները կան եւ մնալու են իր անմիջական ուշադրության ներքո:

«Մենք հասնելու ենք այն շեմին, որը կապահովի մեր ժողովրդի անվտանգ զարգացումը առաջիկա տասնամյակների համար», - ասված է Սեյրան Օհանյանի ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG