Մատչելիության հղումներ

Քանի՞ տարվա ազատազրկման է դատապարտվելու Միխայիլ Խոդորկովսկին


Դատավոր Վիկտոր Դանիլկինը ընթերցում է Միխայիլ Խոդորկովսկու եւ Պլատոն Լեբեդեւի դատավճիռը, Մոսկվա, 27-ը դեկտեմբերի, 2010թ.

Դատավոր Վիկտոր Դանիլկինը ընթերցում է Միխայիլ Խոդորկովսկու եւ Պլատոն Լեբեդեւի դատավճիռը, Մոսկվա, 27-ը դեկտեմբերի, 2010թ.

Չորեքշաբթի օրը Մոսկվայի Խամովնիչեսկի շրջանի դատարանում դատավոր Վիկտոր Դանիլկինը կշարունակի ընթերցել ՅՈւԿՕՍ նավթային ընկերության նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկու եւ նրա գործընկեր Պլատոն Lեբեդեւի դատավճիռը:

Երկուշաբթի օրը դատավորն արդեն իսկ նրանց մեղավոր է ճանաչել նավթի հափշտակման եւ փողի լվացման հոդվածներով:

Դատավճռի ընթերցմանը զուգահեռ` մոսկվացի քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները փորձում են կանխատեսել, թե քանի տարվա ազատազրկման են դատապարտվելու նախկին օլիգարխները:

Ռուսաստանի դատախազությունը պահանջում է Խոդորկովսկուն եւ Լեբեդեւին դատապարտել 14 տարվա ազատազրկման:

«Բաց Ռուսաստան» հիմնադրամի տնօրեն, տնտեսագետ Իրինա Յասինան «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում նշել է. - «Ես գուցե շատ միամիտ մարդ եմ, բայց հույսս դեռ չեմ կորցրել: Եթե Խոդորկովսկուն եւ Lեբեդեւին դատապարտեն ավելի քիչ պատժաչափի, քան 8 տարվա ազատազրկումն է, ապա այդ դեպքում կհաշվարկվեն միայն այն տարիները, որ նրանք արդեն իսկ անազատության մեջ են անցկացրել: Եթե պատժաչափն ավելի մեծ լինի, ապա դա իրոք շատ վատ կլինի: Ամեն դեպքում, ես հույս ունեմ, որ դատավճռի մեղադրական բնույթը զուտ իշխանության դեմքը փրկելու փորձ է»:

Ընդդիմադիր «Յաբլոկո» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միտրոխինի կարծիքով էլ` «Խոդորկովսկու եւ Lեբեդեւի դեմ առաջ քաշված մեղադրանքն ինքնին աբսուրդային է»:

«Մեղադրող կողմը պնդում է, թե Խոդորկովսկին եւ Lեբեդեւը իրենք իրենցից են նավթ հափշտակել: Եթե ՅՈւԿՕՍ-ի գործով առաջին դատավարության ընթացքում գոնե կային որոշակի հիմքեր, Խոդորկովսկուն եւ Lեբեդեւին դատում էին մի գործողության համար, որ բնորոշ էր այն ժամանակաշրջանի բոլոր տնտեսվարող սուբյեկտներին, ապա այսօր միայն աբսուրդին հասնող մեղադրանքն ենք լսում: Այնպես որ, կարծում եմ, որ թե' Խոդորկովսկին եւ թե' Lեբեդեւը բանտում կանցկացնեն այնքան ժամանակ, քանի դեռ երկիրը կառավարում է իշխող տանդեմը», - ասել է Միտրոխինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG