Մատչելիության հղումներ

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության անդամները երեքշաբթի օրը իրենց հերթական բողոքի ակցիան անցկացրին նախագահական նստավայրի դիմաց՝ նախագահից պահանջելով չվավերացնել «Լեզվի մասին» օրենսդրական փաթեթում փոփոխությունները:

«Լեզվի մասին» օրենքում լրացումը եւ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունները Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց դեկտեմբերի 22-ին: Փոփոխությունները սպասում են նախագահի վավերացմանը, որից հետո Հայաստանում հնարավոր կլինի բացել միջազգային կրթական ծրագրերով աշխատող 11 դպրոցներ` 2-ը մասնավոր, 9-ը` միջկառավարական համաձայնագրերի հիման վրա ստեղծված:

Օրենքի լրամշակումների, քննարկումների եւ ընթերցումների ողջ ընթացքում, որ 8 ամիս տեւեց, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության անդամները անընդհատ կոչ էին անում չընդունել այդ օրենքները:

Նախաձեռնության ակտիվիստ Արմեն Հովհաննիսյանը համաձայն չէ, թե 8 ամիսների պայքարը արդյունավետ չէր:

«Կան որոշ մարդիկ եւ ուժեր, որոնց նկատմամբ որեւէ ջանք դրական արդյունք չի կարող տալ, դա մենք մի կողմ ենք թողնում: Հանրային միտքը արթնացնելու, որպես շարժում ձեւավորվելու տեսակետից լավ արդյունքներ ունենք, եւ այդ արդյունքները մենք կզգանք նաեւ 2011 թվականին», - ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իրենց պայքարի համար 2 ուղի են տեսնում՝ իրավաբանական՝ ընդհուպ Սահմանադրական դատարան եւ քաղաքացիական պայքար՝ անհնազանդության բոլոր հնարավոր ձեւերով:

Նա նաեւ ասաց, որ անձամբ ինքը հույսեր չի կապում նախագահի հետ:

ԱԺ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը իր հերթին ասաց, որ թեեւ օրենքների վրա վետո դնելու պահանջով նամակը «Ժառանգությունն» է հեղինակել, այդուհանդերձ չէր ցանականա, որ պայքարը վերագրվեր կուսակցությանը: Նա հույս ունի, որ նախագահի չի ստորագրի օրենքները.

«Մենք ուղղակի հորդորում ենք [նախագահին] չանել այս քայլը, որովհետեւ թույլ չենք տալու օտար դպրոցների բացումը Հայաստանի Հանրապետությունում», - ասաց Սաֆարյանը:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստներն այսօր չկարողացան փոխանցել իրենց նամակը, նախագահականի նամակների բաժինն փակ էր: Ակտիվիստ Արամ Ապատյանը հայտնեց, որ այն վաղը կտանեն նախագահական:

«Մենք մեծ հույսեր ունենք, որ նախագահը կհասկանա՝ որքան մեծ են վտանգները, որ իր հետ բերում է այս օրինագիծը», - ասաց Ապատյանը՝ տեղեկացնելով, որ նամակի տակ 2 օրում 350-ից ավելի ստորագրություն է տեղադրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG