Մատչելիության հղումներ

Մովսես Հակոբյան. «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը ստեղծված է պատերազմելու համար»


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, գեներալ լեյտենանտ Մովսես Հակոբյան

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, գեներալ լեյտենանտ Մովսես Հակոբյան

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարը պատերազմի է սպասում եւ անցնող 2010 թվականն էլ Պաշտպանության բանակի համար եղել է պատերազմի նախապատրաստման տարի:

«Սադրանքի ես չեմ սպասում, ես սպասում եմ պատերազմի», - երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԼՂ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը` հավելելով. - «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը ստեղծված է պատերազմելու, եւ ամեն օր, ամեն ժամ սպասում է դրան: Պատերազմ կլինի` կպատերազմի, պատերազմ չի լինի` ուրեմն խաղաղությունը ապահովված կլինի»:

Նախարարի խոսքով, ընթացիկ տարում Պաշտպանության բանակը կարողացել է կատարել իր առջեւ դրված խնդիրը. ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը: Նա նշեց, որ բարելավվել է մեկ դիրք` Պաշտպանության բանակը զբաղեցրել է ավելի նպաստավոր դիրք, առաջին գծում բարելավվել են զինվորների պայմանները` կառուցվել են 102 ճաշարաններ, նոր խրամատներ:

Մովսես Հակոբյանը շեշտում է` հայկական կողմը «առաջնագծում միշտ կարողացել է լինել պարտադրողի դերում»:

Սակայն նախարարը նաեւ չի թաքցնում` ընդհանուր առմամբ Պաշտպանության բանակի համար տարին ծանր էր. նախորդ տարիների համեմատ հակառակորդի կրակոցները աճել են 53 տոկոսով, Պաշտպանության բանակին հատկապես մտահոգել են ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողությունները:

«Հակառակորդի ակտիվ գործողությունը առաջնագծում, երկրորդը` բանակի առջեւ դրված մեծածավալ խնդիրները, երրորդը` ինժեներական մեծածավալ աշխատանքների եւ նաեւ տնտեսական ճգնաժամի հետ կապված որոշակի ֆինանսական եւ նյութական միջոցների սղության պատճառով [տարին ծանր էր]», - նշեց Մովսես Հակոբյանը:

Նախարարն անդրադարձավ նաեւ բանակում տեղի ունեցած հանցագործություններին, որոնց թիվը, նրա խոսքով, նվազել է 14 տոկոսով: Այդուհանդերձ, անդրադառնալով վերջին շրջանում հասարակության շրջանում լայն արձագանք ստացած սպանության դեպքերին, Մովսես Հակոբյանը նշեց. - «Այս արտառոց դեպքերը պաշտպանության բանակի իմիջի վրա բավականին լուրջ բացասական ազդեցություն են թողել, եւ բանակի ղեկավար կազմը գիտակցում է իր առջեւ դրված խնդիրը. մենք պիտի զբաղվենք հասարակության եւ բանակում զինծառայողների դաստիարակությամբ, որովհետեւ արտակարգ պատահարներ տեղի են ունենում այնտեղ, որտեղ դրա համար ստեղծված են նպաստավոր պայմաններ: Պիտի իրավիճակը շտկենք` հասկանալով, որ յուրաքանչյուր զինվորի մահ մեր երկրի համար ազգային տրագեդիա է»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG