Մատչելիության հղումներ

logo-print
«Սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը կարծում է, որ վերջին օրերին խանութներից ձվի անհետացման պատճառը արտադրողների միջեւ կայացած պայմանավորվածությունն է՝ հավկիթի արհեստական դեֆիցիտ ստեղծելու ու այն նախատոնական օրերին ավելի թանկ գնով վաճառելու նպատակով:

«Կան շատ հիմնավոր կասկածներ, որ ձուն պահում են, որպեսզի վերջին 2 օրերին ավելի բարձր գնով վաճառեն: Իհարկե, ես փաստաթղթային հիմքեր չունեմ ապացուցելու դա, բայց դա շատ տրամաբանական է, եւ մեզ ասել են», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Արմեն Պողոսյանը:

Ըստ նրա՝ վերջին շրջանում ձվի շուկայում խոշոր արտադրողների կողմից համեմատաբար փոքրերի կլանումը հանգեցրեց նրան, որ ոլորտում առաջացել է փաստացի մոնոպոլ իրավիճակ, եւ մոնոպոլիստներն էլ թելադրում են շուկայի իրադրությունը:

«Կար ժամանակ, երբ Հայաստանը արտահանում էր ձու, իսկ այժմ կանգնել ենք մի այնպիսի իրավիճակի առաջ, որ տարիքով մարդիկ կհիշեն խորհրդային տարիները, երբ կարագի եւ հացի համար հերթ էինք կանգնում», - ասաց Պողոյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Երեւանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանն կարծիքը հայտնեց, թե ձվի դեֆիցիտը պայմանավորված է տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը իշխանությունների միջամտությամբ:

«Հստակ տեղեկություն ունեմ, որ Նոր տարուց 10 օր առաջ նախագահականում հավաք է եղել, եւ հավաքի արդյունքում ձու արտադրող կազմակերպությունների ղեկավարներին ասել են, որ Նոր տարվա շեմին ձվի գինը 50 դրամից չպետք է ավելանա: Սա ազատ շուկայական կամ ընդհանրապես շուկայական տնտեսություն ունեցող ցանկացած երկրի համար նոնսենս է: Չի կարող այդպես լինել, մենք այդ էտապը անցել ենք, տեսել ենք: Խորհրդային միությունում էր սահմանվում ձվի, կոշիկի կամ հացի գինը, ասենք 30 դրամ, բայց որ հաց չէր լինում, դրանից ոչ մեկս չէինք շահում: Հիմա իրենք ասել են 50 դրամ, դե թող գնան իրենք 50 դրամով արտադրեն: Նշանակում է՝ եթե այսօր 50 դրամով ձու չկա, ուրեմն չի կարող լինել շուկայում, որովհետեւ ձվի նկատմամբ պահանջարկը այս սեզոնին շատացել է», - ասաց Խաչատրյանը:

Գյուղատնտեսության նախկին նախարար Գերասիմ Ալավերդյանը համաձայն չէ, թե արտադրողները գերշահույթ ստանալու նպատակով արհեստական դեֆիցիտ են առաջացրել:

Հարցին, թե ո՞րն է դեֆիցիտի պատճառը, Ալավերդյանը պատասխանեց. – «Ձվի դեֆիցիտը պայմանավորված է ձու շատ օգտագործելով: Դա, բնականաբար, կապված է նաեւ նախատոնական օրերի հետ, որը ընդհանրապես միշտ է այսպես լինում: Բայց քանի որ այս տարի բոլոր ապրանքների գները բարձրացել են, մարդիկ սկսեցին ավելի շատ ձու գնել: Եթե նախկինում գնում էին ձավարեղեն, մակարոնեղեն, որ ավելի էժան էր, հիմա դրանք թանկացել են, եւ մարդիկ գնում են ձու, որ ավելի էժան է»:

Իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Վարդանը Բոստանջյանը կարծում է, որ ձվի շուկայում ոմանք փորձում են ժողովրդի հաշվին գերշահույթ ստանալ: Նա հորդորեց այդ արտադրողներին «ժողովրդին կենդանի թողնել, որպեսզի հետո էլ կարողանան շահույթ ստանալ»:


Երեկ՝ դեկտեմբերի 27-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ Հայաստան է ներկրվել հավի ձու, որի նպատակը Ամանորի նախօրեին ձվի լրացուցիչ պահանջարկի բավարարումն է: Այս տեղեկությունը հաստատեց նաեւ նախկին գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահի գլխավոր խորհրդական Արամ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ երեւանյան խանութներում ձվի դեֆիցիտ նկատվել է դեռ ուրբաթ օրվանից: Հարցին, թե նա ինչպես է բացատրում ձվի դեֆիցիտը, Սահակյանը պատասխանեց. - «Գնահատելու համար շատ տեղեկություններ են պետք, ուղղակի իմ կարծիքը կարող եմ ասել, որ աժիոտաժային սպեկուլյատիվ արհեստական պահանջարկ է ստեղծվել, եւ որոշ մարդիկ, օգտվելով ստեղծված առիթից, ստացված ձուն չեն վաճառում, այլ «տակից» վաճառում են շուկաներում: Այս պահին որոշ շուկաներում առկա են 80-100 դրամով, այսինքն դա այն ձուն է, որը խանութներ էր առաքվել արտադրողների կողմից»:

Նա նաեւ տեղեկացրեց, թե ներկայումս հայաստանյան ձվի շուկայում գերիշխող դիրքեր ունեն Երեւանի եւ Լուսակերտի թռնաֆաբրիկաները, որոնք զբաղեցնում են շուկայի մոտ 80 տոկոսը:

«Մեր մրցակցության օրենսդրության տեսակետից խնդիրը միայն այն է, որ արտադրողները՝ գերիշխող դիրք ունեցողները, իրենց արտադրած ամբողջ ծավալը առաքեն շուկա, շուկայի մանրածախ ցանցի վրա մենք ազդեցություն չենք կարող ունենալ», - ասաց Սահակյանը:

Նրա խոսքով՝ ՏՄՊՊՀ-ը չի կարող վերահսկել մանրածախ ոլորտում գործող եւ ձուն «տակից» վաճառող հազարավոր սուբյեկտներին:

«Մենք կարող ենք միայն վերահսկել եւ հետեւել, որ արտադրողի՝ այն էլ գերիշխող դիրք ունեցողների կողմից գները առանց հիմնավորումների չբարձրանան», - ընդգծեց Սահակյանը:

ՏՄՊՊՀ-ն արդեն սկսել է ուսումնասիրել, թե կա արդյո՞ք որեւէ պայմանավորվածություն տնտեսվարող սուբյեկտների միջեւ:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG