Մատչելիության հղումներ

Իսրայելի վարչապետը բացառում է Թուրքիայից ներողություն խնդրելը


Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն բացառել է «Ազատության նավատորմիղի» վրա իսրայելական զինուժի հարձակման համար Թուրքիայից ներողություն խնդրելը:

«Ներողություն չենք խնդրի, բայց մեր ափսոսանքն ենք հայտնում Թուրքիային», - «Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` երեկ Channel 10 մասնավոր հեռուստացանցին տված հարցազրույցում ասել է Նաթանյահուն` պարզաբանելով. - «Մենք չենք ցանկանում, որպեսզի մեր զինվորները քարշ գան միջազգային դատարաններում: Մեր զինվորները գործել են ըստ չափանիշների»:

Նախօրեին երկրի արտգործնախարար Ավիդգոր Լիբերմանը հայտարարել էր, որ պաշտոնական Թել Ավիվը ներողություն չի խնդրի Թուրքիայից, եւ հավելել. - «Թուրքիայի կառավարությունն է, որ պետք է ներողություն խնդրի ահաբեկչությունը սատարելու համար»:

Channel 10-ի հարցազրույցում մեկնաբանելով այդ հայտարարությունը` Նաթանյահուն ասել է. - «Իմ կոալիցիոն կառավարությունում տարբեր տեսակետներ կան, սակայն կառավարության ձայնը հնչեցնում է վարչապետը»:

Այս տարվա մայիսին Գազայի հատված մարդասիրական բեռներ փոխադրող «Ազատության նավատորմիղի» վրա Իսրայելի զինուժի հարձակման հետեւանքով թուրքական Mavi Marmara նավի վրա 9 մարդ զոհվեց, որոնցից 8-ը` Թուրքիայի քաղաքացիներ, 1-ը` Միացյալ Նահանգների ազգությամբ թուրք քաղաքացի:

Պաշտոնական Անկարան Թել Ավիվից պահանջում է ներողություն խնդրել այդ միջադեպի համար` որպես երբեմնի ջերմ հարաբերությունների վերականգնման նախապայման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG