Մատչելիության հղումներ

ՀԱԿ ակտիվիստները 2 տարվա պայմանական ազատազրկման դատապարտվեցին


Ընդդիմադիր ակտիվիստներ Դավիթ Քիրամիջյանը (ձախից) եւ Սարգիս Գեւորգյանը

Ընդդիմադիր ակտիվիստներ Դավիթ Քիրամիջյանը (ձախից) եւ Սարգիս Գեւորգյանը

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ակտիվիստներ Դավիթ Քիրամիջյանը եւ Սարգիս Գեւորգյանը երեքշաբթի օրը հրապարակված դատավճռով դատապարտվեցին 2 տարվա պայմանական ազատազրկման:

19-ամյա Դավիթ Քիրամիջյանը մեղադրվում էր մի խումբ անձանց մասնակցությամբ կազմակերպված խուլիգանության մեջ, թեեւ նա այս գործով միակ անձն է, որին մեղադրանք է առաջադրվել խմբով խուլիգանություն կատարելու համար:

18-ամյա Սարգիս Գեւորգյանը մեղադրվում էր ոստիկանի դեմ բռնություն գործադրելու մեջ, թեեւ դատարանում հետազոտված իրեղեն ապացույց համարվող տեսանյութը, ըստ նրա պաշտպանի, վկայում է, որ Գեւորգյանին առաջադրված մեղադրանքը անհիմն է:

Քրեական գործը հարուցվել էր այս տարվա մայիսի 31-ին Ազատության հրապարակ մուտք գործելու փորձ կատարելու հետեւանքով: Սարգիս Գեւորգյանի նկատմամբ իբրեւ խափանման միջոց ընտրվել էր բնակավայրից չհեռանալու ստորագրությունը։ Դավիթ Քիրամիջյանը մեկ ամիս կալանքից հետո ստորագրությամբ պարտավորվել էր չհեռանալ բնակավայրից։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին կայացած դատական նիստի ժամանակ մեղադրող Հարություն Հարությունյանը դատարանին միջորդել էր ընդդիմադիր երիտասարդներին դատապարտել 3 տարվա պայմանական ազատազրկման:

Այսօր երիտասարդների պաշտպանները Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի հրապարակած դատավճիռը անարդար համարեցին:

Քիրամիջյանը եւ Գեւորգյանը իրենց մեղավոր չեն ճանաչում: Նրանք 5 ամիս տեւած դատաքննության ժամանակ հայտարարել են, որ այս գործի քննությունը քաղաքական նպատակներ ունի: Այսօր նրանք դատարանից արդար դատավճիռ խնդրեցին:

Սարգիս Գեւորգյանը դատավճիռը գնահատեց այսպես. - «Ես կոնկրետ չէի ակնկալում հենց այս դատավճիռը, բայց որ վճիռը ապօրինի ու չհիմնավորված էր լինելու, դա ակնհայտ էր դատաքննության հենց առաջին օրվանից: Բոլորին է հայտնի, որ Մնացական Մարտիրոսյանը ներկայացնում է ոչ թե Հայաստանի Հանրապետության օրենքները կամ շարժվում է Սահմանադրությամբ, այլ ուղղակի ներկայացնում է ինչ-որ մարդկանց շահերը ու միշտ աչքի է ընկել խայտառակ դատավճիռներով, որոնցից մեկը հենց սա էր»:

«[Դատավճիռը] փոքր էր մի քիչ դատախազի պահանջածից, բայց անակնկալ չէր», - հավելեց Քիրամիջյանը:

Սարգիս Գեւորգյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը մինչ դատավճիռը իր ճառում վկայակոչեց այն փաստարկները, որոնք հիմնավորում են, որ մեղադրանքը որեւէ իրական հիմք չունի եւ միջորդություն ներկայացրեց «դադարեցնել իր պաշտպանյալի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, կարճել քրեական գործի վարույթը եւ հռչակել վերջինիս անմեղությունը նրան մեղսագրվող հանցավոր արարքի կատարման մեջ հանցակազմ չլինելու պատճառաբանությամբ»:

Դավիթ Քիրամիջյանի պաշտպան Մելանյա Առուստամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ավելին չէր էլ սպասում առաջին ատյանի դատարանից, քանի որ դատարանը անկախ չէ: Նա եւս պահանջում էր արդարացնել իր պաշտպանյալին:

«Մեղադրանքը հիմնավորված չէ, որ վեճը ծագել է Վարազդատ Թադեւոսյանի ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում, իմ պաշտպանյալը որեւէ քրեորեն հետապնդելի արարք չի կատարել: Պահանջել եմ արդարացում, որովհետեւ կարծում եմ, որ հանցակազմը բացակայում է», - ասաց Առուստամյանը:

Այս գործով դատաքննության ողջ ընթացքում դատարան չներկայացան 2 վկա եւ 1 տուժող:

«Չեն ներկայացել, որովհետեւ նրանք ակնհայտ սուտ ցուցմունքներ են տվել նախաքննության ընթացքում, ինչի արդյուքնում իրենք դարձել են տուժող եւ վկա եւ ամբաստանել են պաշտպանյալներին, այլապես նրանց նկատմամբ եւս քրեական հետապնդում պետք է իրականացվեր, - ասաց Առուստամյանը:

Գեւորգյանը եւ Քիրամիջյանը պատրաստվում են բողոքարկել դատավճիռը Վերաքննիչ դատարանում:
XS
SM
MD
LG