Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «2010-ը առանձնացավ հիմնականում առողջ քաղաքական բանավեճով»


Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի
Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի
«Համոզված եմ, որ 2011 թվականը լինելու է համագործակցության, վերընթաց զարգացման եւ առաջընթացի տարի», - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ երեքշաբթի օրը նախագահական նստավայրում կազմակերպված` լրատվամիջոցների ներկայացուցիչների ընդունելության ժամանակ:

«Ընդհանուր առմամբ, անցնող տարին բավականին արդյունավետ էր ձեր աշխատանքի տեսանկյունից: Տարին նաեւ առանձնացավ հիմնականում առողջ քաղաքական բանավեճով, եւ շատ հաճախ այդ բանավեճի ակտիվ մասնակիցները նաեւ մեր լրատվամիջոցներն էին: Շատ լրատվամիջոցներ կարողացան պատվով կատարել իրենց առաքելությունը եւ չդառնալ գործիք ինչ-ինչ հարցերի լուծման համար», - ասել է նախագահը: - «Մաղթում եմ, որ գալիք տարում էլ մեր երկրի լրագրողներից մեծ համարձակություն չպահանջվի որեւէ հասարակայնորեն կարեւոր ասելիք բարձրաձայնելու համար: Դա ես դիտում եմ ոչ միայն ձեր` իբրեւ պրոֆեսիոնալների, այլեւ մեր ողջ հասարակության հասունության չափանիշ»:

«Մենք բացարձակապես տրամադրված չենք կոծկելու պետական համակարգում կամ հասարակության մեջ առկա թերությունները, եւ այդ հարցում շարունակում ենք ունենալ ձեր աջակցության կարիքը: Մեզ անհրաժեշտ է ձեր ազնիվ ու անաչառ աշխատանքը, որպեսզի Հայաստանի հասարակությունը, ողջ պետական համակարգը, ամենատարբեր կառույցներն ու գործիչները կարողանան լրատվության հայելու մեջ տեսնել իրենց իրական պատկերը: Շատ կարեւոր է, որ այդ հայելին ծուռ չլինի, իսկ ներկայացված պատկերն էլ` աղճատված», - շեշտել է Սերժ Սարգսյանը:

«Մենք պետք է շարունակենք մնալ քաղաքական հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի եւ տարբեր` անգամ իրարամերժ ուժերի երկխոսության եւ, ինչու չէ, համագործակցության ջատագովը: Կեղծիքը, սադրանքը, վիրավորանքը եւ պիտակավորումը խոչընդոտում են երկխոսությանը, խափանում դրա հնարավորությունն իսկ: Այդ պատճառով կրկին հորդորում եմ ձեզ մասնագիտական պարտականությունները կատարելիս լինել անաչառ եւ համակողմանի», - ասել է Հայաստանի նախագահը:

«Ներկա Հայաստանի իրականության ամբողջական ու առարկայական պատկերը նաեւ մեր երկրի ժամանակագրությունն է: Այս առումով ձեր օբյեկտիվությունն ու օպերատիվությունը թանկ են ոչ միայն ներկայի, այլեւ ապագայի տեսանկյունից», - հայտարարել է Սերժ Սարգսյանը իր ելույթում, որի տեքստը տարածել է նախագահի մամլո գրասենյակը:
XS
SM
MD
LG