Մատչելիության հղումներ

«Լեռնային Ղարաբաղ. կարգավիճակ առանց կարգավիճակի»


Զորավարժություններ Ղարաբաղում, արխիվային լուսանկար
Զորավարժություններ Ղարաբաղում, արխիվային լուսանկար

Ադրբեջանցի վերլուծաբանները, փորձագետները քննարկում են կազմակերպել` ամփոփելով Ղարաբաղյան բանակցությունների 2010 թվականի գործընթացները։

Բաքվում հանդիպումն անցկացվել է Մամուլի կենտրոնում, մասնակիցները քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություններն ու հնարավոր կարգավիճակը` հաշվի առնելով հակամարտությունները լուծելու միջազգային փորձը։

Ներկայացվել է «Ատլաս» հետազոտությունների կենտրոնի ղեկավար Էլհան Շահինօղլուի «Լեռնային Ղարաբաղ. կարգավիճակ առանց կարգավիճակի» գիրքը, որտեղ նա հակամարտությունների լուծման ու ինքնավարություն տրամադրելու 10 մոդել է ներկայացնում։

Նա նշել է, որ անցնող տարում` 2010 թվականին Ռուսաստանի միջնորդությունից իրական արդյունքներ չկան Ղարաբաղի հարցում։ Բացի այդ, օգոստոսին Ռուսաստանը ռազմական նոր համաձայնագիր ստորագրեց Հայաստանի հետ` Գյումրիում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։ Միաժամանակ, պաշտոնական Մոսկվան հանձն առավ Հայաստանի անվտանգության ապահովումը։ Ռուսաստանը հստակ ցույց է տալիս, որ ճնշում չի գործադրի Հայաստանի վրա, իսկ պատերազմի դեպքում էլ կօգնի Երեւանին։

Ինչ վերաբերում է 2011 թվականի կանխատեսումներին` Շահինօղլուն նշել է, որ հնարավոր է շարունակվեն «անպտուղ բանակցությունները», չբացառելով, որ շփման գծում կարող են լինել տեղական բախումներ։ Նա չի բացառել նաեւ լայնամասշտաբ պատերազմը` չնայած միջազգային հանրության ակտիվ մոնիթորինգին։

Մադրիդյան սկզբունքների մասին ադրբեջանցի փորձագետն ասել է, թե Հայաստանի պահանջը` նշանակել հանրաքվեի օրը, որով պետք է որոշվի Ղարաբաղի կարգավիճակը, արգելափակում է բանակցությունները։

Միաժամանակ, նա նաեւ նշել է, որ այդպիսի հանրաքվեն, որը անկասկած շրջանը կանջատի Ադրբեջանից, անընդունելի է Բաքվի համար։

Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետ Թաբիբ Հուսեյնովը ասել է, թե այս պահին ռեալ չէ քննարկել Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը։ «Կողմերի նույնիսկ ամենաազատական ու կառուցողական ներկայացուցիչները չեն կարող համաձայնության հասնել Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցում դիրքորոշումների անընդունելիության պատճառով», - ընդգծել է նա:

Հուսեյնովի կարծիքով` Մադրիդյան սկզբունքների արժեքը այն է, որ հետաձգվում է Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը` պայմաններ ստեղծելով մյուս խնդիրները լուծելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG