Մատչելիության հղումներ

«Քանի դեռ Պուտինն իշխում է, Խոդորկովսկին կմնա ճաղերի ետեւում»


Միխայիլ Խոդորկովսկուն եւ Պլատոն Լեբեդեւին ազատ արձակելու պահանջով ցույց դատարանի շենքի մոտ, Մոսկվա, 27-ը դեկտեմբերի, 2010թ.
Միխայիլ Խոդորկովսկուն եւ Պլատոն Լեբեդեւին ազատ արձակելու պահանջով ցույց դատարանի շենքի մոտ, Մոսկվա, 27-ը դեկտեմբերի, 2010թ.
Մոսկվայի Խամովնիչեսկի շրջանի դատարանում երկուշաբթի օրը սկսել են ընթերցել ՅՈւԿՕՍ նավթային ընկերության նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկու եւ ՄԵՆԱՏԵՊ բանկի նախկին ղեկավար Պլատոն Լեբեդեւի նկատմամբ հարուցված երկրորդ քրեական գործով դատավճիռը։

Ըստ դատախազության` «մեղադրյալները ապօրինի եղանակով ստացած դրամական միջոցների լվացման համար չարաշահել են ծառայողական դիրքը եւ մոտ 218 միլիոն տոննա նավթ են յուրացրել»։

Մեղադրող կողմի պնդմամբ` Խոդորկովսկին եւ Լեբեդեւը այդ միջոցով ստացել են 487 միլիարդ ռուբլի, ինչը հավասար է մոտ 7.5 միլիարդ ամերիկյան դոլարի։ Փողի լվացման համար օգտագործվել են առեւտրական կեղծ ընկերություններ։

Միխայիլ Խոդորկովսկու փաստաբանների խմբի խոսնակ Մաքսիմ Դբարը «անհեթեթ» է անվանել երբեմնի ամենահարուստ ռուսաստանցուն ներկայացված մեղադրանքները։

«Գլխավորը, ինչ չկա այս մեղադրանքներում` բուն հանցագործության փաստն է, 20 ամիս տեւող այս դատավարության ընթացքում ոչ ոք այդպես էլ չի հասկանում, թե ինչո՞ւմ են մեղադրում Խոդորկովսկուն», - ասել է Դբարը:

ՅՈւԿՕՍ-ի նախկին սեփականատիրոջ աջակիցները համոզված են, որ դատավարության նպատակն է հնարավորինս երկար ժամանակ բանտում պահել Խոդորկովսկուն, եւ որ դա վարչապետ Վլադիմիր Պուտինի պատվերն է։

Վլադիմիր Պուտինը վերջերս ի լուր աշխարհի հայտարարել է, թե ինչպես եւ Վլադիմիր Վիսոցկու կինոհերոս Գլեբ Ժեգլովը «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմից, ինքն էլ է համոզված, որ «գողը պետք է նստի բանտում»։

WikiLeaks կայքի հետ համագործակցող Guardian բրիտանական օրաթերթը հրապարակել է հետաքրքիր հաղորդագրություն, որի համաձայն, Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը 2007-ի ապրիլին եւ 2009-ի դեկտեմբերին Վաշինգտոն ուղարկած հեռագրերում անդրադարձել է Խոդորկովսկու թեմային։

Առաջին հեռագրում ասվել է, որ «Խոդորկովսկին, ամենայն հավանականությամբ, ճաղերի ետեւում կմնա այնքան ժամանակ, որքան կիշխի Պուտինի վարչակարգը»։

Ըստ երկրորդ հեռագրի` «Խոդորկովսկու գործին օրինական դատական տեսք հաղորդելու ճիգերը նման են քաղաքական խոզի վրա հայտնված շրթներկի հետքին»։

Հեռագրում նշվում է, որ դեռ 2000 թվականին նախագահ Պուտինը հանդիպել է օլիգարխներին, որոնց թվում էր նաեւ Խոդորկովսկին, եւ նրան կշտամբել, թե «շատ եք զբաղվում քաղաքական հարցերով»։

Ամերիկացի դիվանագետը հեռագրում նշել է, թե «Խոդորկովսկին, փաստորեն, խախտել է ռուսական չգրված օրենքը, որի համաձայն, գործարարը կարող է հանգիստ դիզել իր հարստությունը` պայմանով, որ մուտք չի գործի քաղաքական ասպարեզ»։

Չի բացառվում, որ Խոդորկովսկու եւ Լեբեդեւի դատավճիռը Ամանորին կընթերցվի։

«Այնպիսի զգացողություն ունեմ, որ Կրեմլի զանգերի ղողանջը մենք այստեղ ենք լսելու», - ասել է փաստաբան Կարինա Մոսկալենկոն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG