Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը «չի համագործակցում անգամ տեղեկատվության տրամադրման հարցերով»


Հայկական կողմը ընդունում է Մանվել Սարիբեկյանի դին: 4-ը նոյեմբերի, 2010 թ.

Հայկական կողմը ընդունում է Մանվել Սարիբեկյանի դին: 4-ը նոյեմբերի, 2010 թ.

Հայաստանի գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով կառավարական միջգերատեսչական հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանի խոսքով, ադրբեջանական կողմը «բացարձակապես չի համագործակցում ո'չ գերիների, պատանդների եւ զոհվածների մարմինների վերադարձման եւ ո'չ էլ` անգամ տեղեկատվության տրամադրման հարցերով»:

«Ցավոք, Աստրախանի հռչակագրից հետո Հայաստանին է վերադարձվել միայն այս տարվա սեպտեմբերին ադրբեջանցիների կողմից առեւանգված եւ իբր ինքնասպան եղած հովիվ Մանվել Սարիբեկյանի դին, մինչդեռ հայկական կողմը նույն ընթացքում Ադրբեջանին է հանձնել մեկ քաղաքացիական անձի` էլդար Թաղիեւին, եւ ադրբեջանցիների դիվերսիոն գործողությունների հետեւանքով զոհված երկու ադրբեջանցի զինծառայողների դիակները», - երկուշաբթի օրը հայտարարեց Կապրիելյանը` ամփոփելով այս տարվա հոկտեմբերի 27-ին Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների ընդունած եռակողմ հռչակագրի կատարման ընթացքը:

Հռչակագրում, հիշեցնենք, մասնավորապես, արձանագրվում էր. - «Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են որպես առաջին քայլ անհապաղ իրականացնել ռազմագերիների փոխանակում եւ զոհվածների մարմինների վերադարձ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ»:

Հիշեցնենք նաեւ, որ անցած նոյեմբերի 6-ին Ադրբեջանը ղարաբաղյան կողմին էր վերադարձրել նաեւ Մատաղիսի բնակիչ, 85-ամյա Գավրուշ Առուստամյանի դիակը:

Արմեն Կապրիելյանը արդեն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ պաշտոնական Երեւանը միանգամայն պատրաստակամ է իրականացնել Աստրախանի հռչակագրի պահանջները: Ավելին, հայկական կողմն այս ուղղությամբ աշխատում էր նաեւ մինչեւ հռչակագիրը, մինչդեռ, ադրբեջանական կողմը, աշխատանաքային խմբի ղեկավարի խոսքերով, առնվազն վերջին երեք տարիներին բացարձակապես չի համագործակցում ո'չ գերիների, պատանդների եւ զոհվածների մարմինների վերադարձման եւ ո'չ էլ` անգամ տեղեկատվության տրամադրման հարցերով:

Իսկ Հայաստանը, օրինակ, դեռեւս գարնանը, այսինքն Աստրախանի հռչակագրից առաջ, ադրբեջանական կողմին է վերադարձրել զինծառայող Ռաֆիկ Հասանովին: Նույն ժամանակշրջանում ադրբեջանցիներին են հանձնվել նաեւ երկու զոհվածների մարմիններ:

Հարցին, թե ընդհանուր առմամբ, որքան է ետպատերազմական ողջ ընթացքում անհայտ կորած Հայաստանի քաղաքացիների թիվը, Կապրիելյանը պատասխանեց. - «200-ից ավելի անհայտ կորածներ ունենք միայն Հայաստանի Հանրապետությունից»:

Մինչդեռ, նրա խոսքով, նույն ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի անհայտ կորած բնակիչների թիվը եռակի ավելի է. - «Լեռնային Ղարաբաղից անհայտ կորածների թիվը շուրջ երեք անգամ գերազանցում է հայաստանյան թվերին` 700-ից ավելի»:

Նրանց մասին, ըստ Կապրիելյանի, որեւէ տեղեկություն ադրբեջանական կողմը չի հայտնում: Օրինակ, 2009-ին գերեվարված` Հայաստանի Տավուշի մարզի բնակիչ Արթուր Բադալյանի մասին լուրը ադրբեջանական կողմը հաստատեց մեկուկես տարի ուշացումով` միայն անցած աշնանը:

«Աստրախանի գործընթացից հետո` նոյեմբերի 8-ին վերջապես ադրբեջանական կողմը հաստատեց, որ Բադալյան Արթուրը գտնվում է իրենց մոտ: Իբր պատրաստակամություն հայտնեցին վերադարձնել այդ անձին… Առ այսօր շարունակվում են բանակցությունները: Առայժմ ոչ մի դրական շարժ չկա»:

Հիշեցնենք` ավելի վաղ հաղորդվել էր, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բադալյանին են փոխանցել նրա ընտանիքի անդամների նամակը։ Ադրբեջանի բանտում գտնվող Հայաստանի քաղաքացին եւս նամակ է փոխանցել իր ընտանիքին։

Արմեն Կապրիելյանի խոսքերով, այսօրվա դրությամբ, ադրբեջանական կողմը, Արթուր Բադալյանից բացի, հաստատում է միայն հինգ հայ ռազմագերիների առկայությունը:

Ադրբեջանական News.az լրատվական կայքն ավելի վաղ հաղորդել էր, որ Ադրբեջանում ներկայումս 12 հայ գերի կա` նրանցից 6-ը քաղաքացիական անձինք են, 6-ը` ռազմագերիներ։

Ըստ Հայաստանի Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարի, այսօրվա դրությամբ Հայաստանում գտնվում են ադրբեջանցի երկու ռազմագերիներ: Վերջիններս շփման գիծը հատել են ղարաբաղյան հատվածում, սակայն ավելի ուշ տեղափոխվել են Հայաստան:

XS
SM
MD
LG