Մատչելիության հղումներ

Վերահսկիչ պալատի խորհուրդը արտագնա նիստ անցկացրեց Տավուշում


Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:
Իրավապահ մարմիններին դիմելու որոշում խորհուրդը չկայացրեց:

Վերահսկիչ պալատի նախագահի խոսքով` «քրեաիրավական բնույթի խախտումներ, այսինքն` այնպիսի խախտումներ, որ հանցագործություն են, կամ շատ բարդ խնդիրներ են», չեն արձանագրվել:

Վերահսկիչ պալատը այս տարի ուսումնասիրել է Տավուշի մարզի 4 քաղաքների` Դիլիջանի, Իջեւանի, Բերդի, Այրումի, եւ 10 գյուղական համայնքների, ինչպես նաեւ Տավուշի մարզպետարանի կողմից բյուջետային միջոցների օգտագործման օրինականությունը: Պարզվել է, որ խախտումներ են թույլ տրվել բոլոր համայնքներում` ընդհանուր առմամբ, շուրջ 400 միլիոն դրամի: Այդ գումարի 60 տոկոսը, ինչպես հայտարարեց Վերահսկիչ պալատի մեթոդաբանության վարչության պետ Կարեն Առուստամյանը, արդեն վերականգնվել է:

Ընդհանուր առմամբ, հայտնաբերված խախտումների մոտ 70 տոկոսը մարզը հասցրել է վերականգնել` գումարի եւ լրացուցիչ աշխատանքների տեսքով:

«Տավուշի մարզպետը, նույնիսկ մինչեւ հաստատելու պահը, ընթացքում ծանոթանալով միջանկյալ արձանագրություններին եւ Վերահսկիչ պալատի հայտնաբերած խախտումներին, բավականին լուրջ նաեւ կարգապահական տույժերի է ենթարկել աշխատողներին», - նշեց Իշխան Զաքարյանը:

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը տեղեկացրեց, որ թույլ տված խախտումների համար որոշ պաշտոնյաներ կարգապահական տույժի են ենթարկվել, առողջապահության ոլորտի որոշ աշխատողների հետ էլ աշխատանքային պայմանագրի ժամկետը չի երկարաձգվի:

Լրագրողների հետ զրույցում Զաքարյանը նշեց, թե Տավուշը խախտումների առումով այլ մարզերից չի տարբերվում:

«Չիմացության, օրենքի չկիրառման, վատ օրենքի պատճառով են խախտումներ թույլ տվել», - նշեց Զաքարյանը՝ չբացառելով նաեւ կոռուպցիոն ռիսկերի առկայությունը:

Նիստի ընթացքում որոշվեց պետական ու տեղական բյուջեներ վերադարձվող գումարների ժամկետ սահմանել 2011 թվականի մարտի 31-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG