Մատչելիության հղումներ

Հայ եւ թուրք հեղինակների գիրք` «Խոսելով միմյանց հետ»


Հայ - թուրքական սահմանը
Հայ - թուրքական սահմանը
«Խոսելով միմյանց հետ։ Անձնական հիշողություններ անցյալի մասին Հայաստանում եւ Թուրքիայում». այսպիսի վերնագրով հայ եւ թուրք հեղինակների գիրք է հրատարակվել, որը տպագրվել է երեք լեզուներով` հայերեն, թուրքերեն եւ անգլերեն։

Գրքի առաջին մասը` «Ափսոս, որ նրանք չմնացին» ենթավերնագրով, գրել է Ստամբուլի Սաբանչի համալսարանի պրոֆեսոր Լեյլա Նեզին։ Երկրորդ մասը` «Ո՞ւմ ներել։ Ի՞նչ ներել» ենթավերնագրով, գրել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Ազգագրության ինստիտուտի պրոֆեսոր Հրանուշ Խառատյան-Առաքելյանը:

Այս մասում 1915-ի ցեղասպանությունից փրկված մի կնոջ պատմություն է, որը փոխանցել է նրա ազգականը. - «Տատիկիս ամբողջ կյանքի ընթացքում ոչինչ չէր ուրախացնում։ Նա մահացավ ցավերի մեջ` միշտ կրկնելով, որ դա հատուցում է իր գործած մեղքի համար։ Նա գաղթի ճանապարհին էր թողել իր փոքրիկ աղջկան։ Դա շատ տխուր պատմություն է։ Ճանապարհին նրանք ոչ մի ուտելիք չեն կարողացել գտնել։ Նրանք չորս երեխա են ունեցել։ Փոքրիկ աղջիկն ամբողջ ժամանակ լաց է եղել։ Թուրք զինվորը անընդհատ խփել է նրան ու կարգադրել, որ արագ քայլի, հետ չընկնի։ Պապս ասել է` «արի թողնենք աղջկան այստեղ, ճանապարհին, իսկ մենք գնանք, մենք կարող ենք փրկել միայն մեր երեք տղաներին»։

Այս պատմությունը ներկայացնողը որոշ դադարից, մտքերը հավաքելուց հետո ասել է. - «Տատիկս երկար էր մահանում… Նա բացում էր աչքերն ու ասում, որ տանջվում է ճանապարհին թողած երեխայի համար»։

Իսկ թուրք հեղինակը գրքի իր հատվածի համար վերնագիր է ընտրել մի թուրք երիտասարդի խոսքերը` «ափսոս նրանք չմնացին»։

Սա 1960-ականների սկզբին կենտրոնական Անատոլիայի Ակչեիր քաղաքի դպրոցի աշակերտ Քամալի պատմությունն է։

Նրանք որոշել են լքված եկեղեցում թատրոն բացվել։ Սկսել են մաքրել տարիներով հավաքված փոշին։ Ինչ-որ մեկը խողովակով ջրի շիթը ուղղել է պատերի վրա, ու եկեղեցու պատերին որմնանկարներ են հայտնվել, որոնք չէին երեւում, քանի որ եկեղեցու պատերը սպիտակեցված էին, որպեսզի ոչ մեկը չիմանա, որ այնտեղ հայեր են ապրել։ Քամալն ուրախացել է որմնանկարները վերագտնելու համար, որ արվել էին մարդկանց կողմից, որոնց մասին մանկությունից նա արհամարհական «գյավուր» բառը գիտեր, ու փոխարենը շատ է տխրել, որ եկեղեցու պատերը սպիտակեցվել են։

Գրքի հայկական մասը թուրքերեն թարգմանել է ստամբուլահայ Ալին Օզինյանը։

«Ազատություն» ռադիոկայանի հետ գրավոր հարցազրույցում` Facebook-ով Ալին Օզինյանն ասաց, թե իրեն խորապես հետաքրքրել են այս ուսումնասիրությունները` որպես համեմատաբար նոր խոսք Հայաստանի եւ Թուրքիայի պատմության ծալքերը բացահայտելու ասպարեզում։ Պատմողները այս իրադարձություններին անմիջականորեն չեն մասնակցել, սակայն դրանք պահպանվել են իրենց ընտանիքների պատմություններում։

Ալին Օզինյանը ասաց, որ նման պատմություններ կային նաեւ իրենց ընտանիքում, ու հետազոտության թարգմանությունը իր համար ուներ նաեւ անմիջական նշանակություն։

Նա նշեց, որ գիրքը հասցեագրված է Հայաստանում եւ Թուրքիայում բնակվող կոնկրետ մարդկանց, որոնք կարծես մինչեւ այժմ դուրս են մնացել հայ - թուրքական հարաբերություններով զբաղվող հետազոտողների, քաղաքական գործիչների ուշադրությունից։ Ե'վ հայ, ե'ւ թուրք հասարակություններում անցյալը մեծ ճնշում ունի ներկայի վրա, եւ առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում, թե ինչպես է այդ անցյալն ընկալվում անհատների կողմից։

Ալին Օզինյանը նաեւ նշեց, որ անհատական պատմությունները կողք-կողքի մի գրքում ընդգրկելը ե'ւ Թուրքիայում, ե'ւ Հայաստանում մարդկանց միմյանց հետ շփվելու եզակի հնարավորություն է տալիս։

Այս գրքի մասին կիրակի օրը գրել եւ գրքից հատվածներ է ներկայացրել թուրքական «Զաման» թերթը։ Ալին Օզինյանը «Զաման»-ին ասել է. - «Բանավոր պատմությունները երեւի ամենառոմանտիկ ճանապարհն են պատմությունը պահպանելու համար։ Այս պատմությունները շատ տպավորիչ են»։ Նա նաեւ ասել է, որ գիրքը կօգնի մարդկանց ավելի շատ պատմություններ պատմել, որոնք նրանք սովորաբար թաքցնում են։

Գրքում նաեւ նշված է, որ հիմա հայերը կարողանում են այցելել Թուրքիա. - «Մարդիկ գնում են եւ փնտրում իրենց նախնիների գյուղերը։ Երբեմն նաեւ տները, որտեղ ապրել են իրենց նախնիները։ Կարեւոր վայրերի` գերեզմանոցների, եկեղեցիների, սրբավայրերի, ծառերի, անտառների մասին պատմել են նրանց պապերը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG