Մատչելիության հղումներ

Բելգիայի Սենատի պատվավոր անդամը վստահ է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը էական առաջընթաց է ունեցել


Բելգիայի Թագավորության Սենատի շենքը Բրյուսելում

Բելգիայի Թագավորության Սենատի շենքը Բրյուսելում

Բելգիայի Թագավորության Սենատի պատվավոր անդամ Ֆրանսուա Ռոլեան դյո Վիվյեի գնահատմամբ, անցած տասնհինգ տարիներին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը էական առաջընթաց է ունեցել:

«Իհարկե, ճանաչումը համաշխարհային չէ, սակայն դուք պետք է նայեք, թե ինչ է արվել վերջին 10-15 տարում: Առաջընթացը նշանակալից է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ֆրանսուա Ռոլեան դյո Վիվյեն, - «Իհարկե, կարեւոր է արեւմտաեվրոպական երկրների եւ, հուսով եմ, մի օր էլ Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Սակայն առավել կարեւոր է Հայաստանի հարեւանի` Թուրքիայի, կողմից ճանաչումը: Սա է ապագայի հիմնական հարցը, բայց այս առումով ես որոշակի հույսեր ունեմ: Որովհետեւ, օրինակ, իմ երկրում` Բելգիայում, մենք արդեն ունենք այնտեղ ծնված թուրքերի երրորդ սերունդ: Այդ` երրորդ սերունդը գնում է համալսարաններ, ձեռք է բերում քննադատող մտածելակերպ, եւ համալսարաններում նրանք սովորում են այն պատմությունը, որը նրանց հայրերը նրանց չեն պատմել: Կարծում եմ, որ սա մեծ հույս է ապագայի համար»։

Խոսելով այն մասին, թե իր կարծիքով ինչ ընթացք կստանա միջազգային հանրության ու Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը` դյո Վիվյեն, մասնավորապես, նշեց. - «Ես այն սերնդից եմ, ով մտածում էր, թե Բեռլինի պատը երբեք չի փլվի, եւ հանկարծ այն քանդվեց, որովհետեւ դրան նախորդող 20-30 տարում որոշակի աշխատանք էր տարվում ինտելեկտուալների ցանցի միջոցով, ու ի վերջո արդյունքը ստացվեց։ Սա ճիշտ այն է, ինչ ես մտածում եմ Հայոց ցեղասպանության ճանաչման առումով: Համոզված եմ, որ գալու է մի օր, երբ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը»:

«Ես ձեզ կարող եմ պատմել, թե ինչ խոսակցություն տեղի ունեցավ իմ եւ Աբդուլա Գյուլի միջեւ, երբ նա դեռ Թուրքիայի արտգործնախարարն էր: Նա դժգոհ էր այն փաստից, որ [Հայոց ցեղասպանության վերաբերյալ] որեւէ քննարկում չկա հայ ու թուրք պատմաբանների միջեւ, եւ ասում էր, թե դա լավ գաղափար կլիներ», - հիշեց Բելգիայի Թագավորության Սենատի պատվավոր անդամը՝ շարունակելով. - «Ես նրան ասացի, պարո՛ն նախարար, տեսեք` դուք խոսում եք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին մի երկրի հետ, որին դուք նույնիսկ չեք էլ ճանաչել: Արդյոք դուք չե՞ք կարծում, որ այդ ուղղությամբ առաջին քայլը պետք է լինի սահմանների բացումը, դեսպանների փոխանակումը եւ հետո նոր սկսեք քննարկումները: Եվ այդ ժամանակ պարոն Գյուլն ասաց` այո, ձեր ասածի մեջ տրամաբանություն կա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG