Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 25-ի մամուլ


«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Մարդիկ Հայաստանում ամեն ինչ սկսել են սեւ ու սպիտակ ընկալել` ընկնելով ծայրահեղությունների մեջ: Եթե իշխանության այս կամ այն թեւը, կոալիցիայի այս կամ այն կուսակցությունը մյուսին չի փորձում ոչնչացնել Հանրապետության հրապարակի գորգի մեջտեղում, եթե Սերժ Սարգսյանն անհապաղ բանտ չի նետում Գագիկ Ծառուկյանին, կամ եթե Ծառուկյանն անհապաղ չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, եթե Ռոբերտ Քոչարյանը հանրահավաք չի անում ընդդեմ Սերժ Սարգսյանի, ուրեմն նրանց միջեւ ոչ մի հակասություն էլ չկա: Հանրությանը փորձելով ներշնչել այդ գիտակցումը` դրա հեղինակներից շատերն, իհարկե, ունեն ազնիվ ու անկեղծ մղումներ եւ ցանկանում են ընդամենը, որ հասարակությունը չմոլորվի եւ չխաբվի: Իհարկե, պետք է ամեն ինչ անել այդ մոլորությունն ու խաբվածությունը թույլ չտալու համար: Բայց բանն այն է, որ դրանով հանդերձ, իմիտացիայի ներշնչումը բերում է նաեւ հանրային որոշակի ապատիայի, անտարբերության, հանրությանը տարանջատում, կտրում է առկա պրոցեսներից` դրանք ձերբազատելով հանրային գործոնի ազդեցությունից»:

«168 ժամ»-ը գրում է. - «Նույնիսկ ԲՀԿ-ականները չեն բացառում, որ եթե Գագիկ Ծառուկյանը որոշի դուրս գալ կոալիցիայից, նրա պատգամավորների մեծ մասը, նաեւ նախարարներն, իրենց բիզնեսն ու հնարավորությունները պահպանելու համար ոչ միայն կլքեն հարազատ կուսակցությունը, այլեւ կհամալրեն Հանրապետական կուսակցության շարքերը: Առանց մտածելու նույն բանը կանի նաեւ ընդամենը վերջերս ԲՀԿ անդամ դարձած ու ճակատին «Օրինաց երկիր» կրող` ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը: Եվ եթե նույնիսկ կուսակից պաշտոնյաները չլքեն ու հավատարիմ մնան, ի՞նչ պետք է անի ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս գալուց հետո: Ընտրողների համակրանքը շահելու համար պետք է ընդդիմադի՞ր դիրքերից հանդես գա: Փորձը ցույց տվեց, որ դա բոլորովին էլ «աշխատող» տարբերակ չէ: Արդեն մեկուկես տարի է, ինչ ՀՅԴ-ն դուրս է եկել կոալիցիայից եւ փորձում է ներկայանալ որպես ընդդիմադիր ուժ, ինչը, սակայն, նրանց մոտ չի ստացվում. Հասարակությունը նրանց այդպիսին չի ընդունում: ԲՀԿ-ի դեպքում` առավելեւս չի ընդունի»:

Դաշնակցական պատգամավոր Լիլիթ Գալստյանին լրագրողը հարցնում է. - «Իսկ չե՞ք կարծում, որ ճիշտ ժամանակն է անվստահություն հայտնել կառավարությանը»։ Պատասխան. - «Դաշնակցությունն իր օրակարգում ունի իշխանափոխության հարցը։ Կառավարման համակարգի անարդյունավետությունն ակներեւ է: Իշխանությունն այս թիմով չի կարող իրականացնել 2008թ. ստորագրված կոալիցիոն հուշագիրն իր քսաներկու հանձնառություններով։ Իշխանությունը ձախողված է, եւ այդ ձախողումների մասին խոսում է ոչ միայն Դաշնակցությունը, այլ նաեւ երկրի նախագահը։ ՀՀԿ-ի 20-ամյակի ելույթում նախագահի հնչեցրած գնահատականներն իրենց խստությամբ չէին զիջում Դաշնակցության հնչեցրած գնահատականներին»: Հարց. - «Իսկ ի՞նչ հաջողություններ ունեցանք 2010թ.»: Պատասխան. - «Ոգեւորիչ էին այս տարվա մարզական հաղթանակները։ Տոները ու ծեսերն ազգի միասնականության լավագույն խթաններն են: Միասնականությունը մեզ շատ է պակասում. անհանդուրժող ենք, պատմությունից դասեր չքաղող, շատ հաճախ՝ նաեւ կարճատես։ Երեկ «Աիդա» օպերան էի դիտում, եւ հոգիս ցնծում էր»:

«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Եթե մեկ օրվա մեջ իրադարձություններով աչքի չընկնող երկրումդ 15 ասուլիս է տեղի ունենում, եւ դրանցից 7-ը նախարարներն են տալիս, ուրեմն տարեվերջ է: Ամանորի շեմին մեր պաշտոնյաները կարծես մրցավազքի մեջ լինեն` իրար հերթ չտալով, տարի են ամփոփում, ասուլիսներ տալիս, ներկայացնում թե իրենց ղեկավարած կառույցնեն ինչ փայլուն հաղթանակներ են արձանագրել անցնող տարում, ինչպես են «գերակատարել» իրենց վրա դրված պլաններն ու պարտականությունները: Եթե հավատալու լինենք այս հաշվետվություններին, մենք կոմունիզմը վաղուց ենք կառուցել, հիմա անցել ենք մեր ձեռքբերումները աշխարհին ներկայացնելուն»:

Արտաքին քաղաքականության բնագավառում տարին ամփոփում է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերին հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը` «Հայոց աշխարհ»-ին տված հարցազրույցում: Նա ասում է. - «Տարվա ընթացքում մի քանի անգամ ու տարբեր մակարդակներում հաստատվեց, որ Արցախի հակամարտությունը կարգավորվելու է մեկ ամբողջություն ընկալվող երեք համահավասար, հիմնարար սկզբունքներով: Սակայն արտաքին քաղաքական հարթությունում տարվա ընթացքում նկատելի էին նաեւ որոշակի բացասական միտումներ: Մասնավորապես Ադրբեջանը եւ նրա ավագ եղբայր Թուրքիան Հայաստանի նկատմամբ սաստկացրին տեղեկատվական պատերազմը: Տարբեր միջազգային ատյաններում, ադրբեջանական լոբբիի ու ֆինանսական ռեսուրսների շնորհիվ, ծնվեցին Արցախի հակամարտության պատճառներն ու վիճակը գլխիվայր ներկայացնող բանաձեւեր: Եթե կարելի է տրամաբանական համարել, որ նման փաստաթղթեր ընդունեցին Իսլամական կոնֆերանսի անդամ երկրները, ապա առնվազն տարօրինակ է, որ այդպիսի նախագծեր քննարկելու քայլեր կատարեցին որոշ եվրոպական միջազգային կառույցներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG