Մատչելիության հղումներ

Արեւմուտքը տոնում է Սուրբ Ծնունդը


Այսօր կաթոլիկ եւ բողոքական աշխարհը տոնում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը։

Մեծ թվով երկրներում իշխանությունները եւ հասարակական կառույցները կազմակերպել են բարեգործական համերգներ, վիճակախաղեր, մարզական հանդիպումներ, որոնց մասնակցել են շոու-բիզնեսի եւ սպորտի աստղեր, հանրության հեղինակությունը վայելող գործիչներ, գիտնականներ։ Այդ միջոցառումների ընթացքում ստացված դրամական միջոցներն ըստ ավանդույթի փոխանցվելու են չքավորներին, հիվանդանոցներին, մանկատներին սատարող հիմնադրամներին։

Եկեղեցիներում, քաղաքների, փոքրիկ ավանների ու գյուղերի հրապարակներում, որտեղ տեղադրվել են Բեթղեհեմի մսուրը պատկերող նկարներ եւ արձանիկներ, կազմակերպվել են տոնավաճառնե:

Հարազատները եւ բարեկամները նվերներ են փոխանակում եւ տոնական սեղանների շուրջ նշում են Փրկչի Սուրբ Ծնունդը։

Դեկտեմբերի 24-ի երեկոյան Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում Քրիստկինդլը, նույն ինքը Վայնախթսմանը, նվեր է բերում այն երեխաներին, ովքեր չարություն չեն արել տարվա ընթացքում։ Անգլերեն նրա անունն է Սանտա Կլաուս, Մեծ Բրիտանիայում, Միացյալ Նահանգներում, Կանադայում, Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում Սանտան նվերները բերում է դեկտեմբերի 25-ին։ Իսկ, օրինակ, Չեխիայում, Սլովակիայում, Ռումինիայում եւ Հունգարիայում Քրիստկինդլին, այսինքն` Մանուկ Քրիստոսին անվանում են Յեժիշեկ կամ Միկուլաշ, նա դեկտեմբերի 6-ին է նվերներ բերում երեխաներին։ Իսպանիայում եւ իսպանախոս այլ երկրներում նվերներ են մատուցում հունվարի 6-ին։

Քրիստոնեության առաջին ժամանակաշրջանում բոլոր եկեղեցիներն են Սուրբ Ծնունդը տոնել հունվարի 5-6-ը։ Հայ Առաքելական եկեղեցին հավատարիմ է մնացել այդ ավանդույթին, մինչդեռ 4-րդ դարում Հռոմը որոշել է Սուրբ Ծնունդը տոնել դեկտեմբերի 24-25-ը։ Պատմաբանները դա բացատրում են Հռոմում այն ժամանակ մեծ տարածում ունեցող եւ հենց դեկտեմբերի վերջին օրերին նշվող հեթանոսական տոնը` Սատուրնական օրերը արմատախիլ անելու անհրաժեշտությամբ։ Ինչպես եւ Հայ Առաքելական եկեղեցին` քրիստոնեական արեւմտյան եկեղեցիներն էլ Փրկչի Մկրտությունն ու Աստվածահայտնությունը տոնում են հունվարի 6-ին։

Դեկտեմբերի 25-ին տասնյակ հազարավոր հավատացյալներ են այցելել Սուրբ Պետրոսի բազիլիկը Հռումում, որտեղ Կաթոլիկ եկեղեցու հովվապետ Բենեդիկտոս 16-րդը սկսել է տոնական պատարագը: Հռոմի պապը իր աղոթքում Աստծուց խնդրել է պատժել աշխարհի «կեղեքիչներին» եւ «իրական եղբայրություն» հաստատել մարդկանց միջեւ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG