Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյան. Հայաստանի տնտեսությունը լուրջ վերափոխումներ պիտի ապրի


«2010 թվականը առանձնացավ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները հաղթահարելուն ուղղված նպատակային աշխատանքով: Աշխատանք ասելով` նկատի ունեմ ո՛չ միայն կառավարության, այլ նաեւ մեր գործարարների համատեղ ջանքերը», - Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ դեկտեմբերի 24-ին Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար հրավիրած ընդունելությանը ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` հավելելով. - «Հուսադրող է, որ դժվարին պայմաններում մեզ հաջողվեց կայունացնել իրավիճակը եւ ապահովել որոշակի տնտեսական աճ»:

Նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, գործարարներին շնորհավորելով տոների առթիվ` Սերժ Սարգսյանը փաստել է, որ Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ամենավտանգավոր՝ առաջին ալիքը Հայաստանը հաղթահարել է առանց էական ցնցումների, սակայն ճգնաժամի երկրորդ ալիքը շատ մեծ հարված է հասցրել երկրի տնտեսությանը:

«Այդ ծանր օրերին, երբ եվրոպական մի շարք երկրներում ուսուցչին, բժշկին, հրշեջին եւ անգամ դատավորին փողոց էր հանել բարեկեցության կտրուկ անկման սպառնալիքը, մեր երկիրը, մեր հասարակությունը, գործարար համայնքը եւ իշխանության տարբեր թեւերը միասնաբար կարողացան առավելագույն չափով ապահովել սոցիալական մինչճգնաժամային իրավիճակը», - ասել է հանրապետության ղեկավարը:

«Ճգնաժամի հետեւանքները վերջնականապես հաղթահարելու ենք ավելի ամրացած՝ այն ըմբռնումով զինված, որ Հայաստանի տնտեսությունը, որպես ամբողջություն եւ որպես մասերի համախումբ, լուրջ վերափոխումներ պիտի ապրի», - եզրակացրել է Սերժ Սարգսյանը` փաստելով, սակայն, որ «տասնինը տարիների ընթացքում իրականում մեզ հաջողվել է ձեւավորել ճկունության բավարար պաշար ունեցող պետություն եւ կայուն ֆինանսատնտեսական համակարգ»:

Սերժ Սարգսյանը գործարարներին ասել է, որ 2011 թվականին առավել ակտիվությամբ է շարունակվելու «կառավարության հետ սերտ համագործակցության աշխատաոճը»:

Գործարարներին հաջողություն մաղթելով` Հայաստանի նախագահը հավելել է. - «Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ գալիք տարին լինելու է համառ աշխատանքի տարի: Այն պետք է լինի լիարժեք վերականգնման, տնտեսության դիվերսիֆիկացման միտումների խորացման, նոր իրողությունների պայմաններում նոր ու ստեղծագործ քայլերի տարի: Գալիք` 2011 թվականին ձեզ հաջողություն եմ մաղթում ձեր գործունեության մեջ: Ձեզնից յուրաքանչյուրի հաջողությունն իր ասպարեզում, ի վերջո, բոլորիս հաջողությունն է, մեր տնտեսության հաջողությունն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG