Մատչելիության հղումներ

Բողոքի ցույց Երեւանում բացված դելֆինարիումի դեմ


Հայ բնապահպանները բողոքի ցույց էին կազմակերպել ուրբաթ օրը Երեւանում բացված դելֆինարիումի դեմ:

Դեկտեմբերի 24-ին այցելուների առջեւ իր դռները բացած դելֆինարիումի շինարարությունը տեւեց ընդամենը 3 ամիս, որի ընթացքում բնապահպանները անընդհատ ահազանգում էին, թե այն վտանգավոր է թե' դելֆինների, թե' այցելուների համար:

«Ընդունված է կարծել, թե դելֆինները դելֆինարիումներում խաղում են, ժպտում են, թռչկոտում են: Այսպիսի վարք նկատելով մենք չենք կարող կարծել, թե դելֆինը իրեն վատ է զգում: Իրականում դա դելֆինի բնական վիճակն է, բերանի բացվածքն է այդպիսին, որ կարծես թե ժպտում է», - ասաց «Էկոդար» հասարակական կազմակերպության նախագահ Հրայր Սավզյանը:

Բնապահպանները պնդում են, թե 5 մետր խորությամբ եւ 18 մետր տրամագիծ ունեցող դելֆինարիումի քլորացված ջրում ապրելով` դելֆինները կարող են սթրեսի մեջ ընկնել եւ վտանգավոր դառնալ հանդիսաստեսի համար: Մինչդեռ դելֆինարիումի սեփականատերերը նախատեսում են դելֆիների օգնությամբ հատուկ բուժիչ թերապիա անցկացնել երեխաների համար:

Բնապահպաններ զգուշացնում են, որ «յուրաքանչյուր շփում նման պայմաններում պահվող դելֆինների հետ մահացու ավարտ կարող է ունենալ երեխաների կամ լողացողների համար»:

Նրանց նաեւ շատ է անհանգստացում դելֆինարիումի պայմանները: Ըստ «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանի` դելֆինարիումի ջրի մեջ մեծ քանակությամբ քլոր են լցնում, որպեսզի այն երկնագույն երանգ ստանա, իսկ քլորից դելֆինները կուրանում են:

«Դելֆինի աչքերը կարող են դիմանալ ընդամենը կես տարի», - ահազանգում է Խաչատրյանը:

Մյուս խնդիրը դելֆինների սննդի հարցն է: Ըստ «Փրո փոուզ» հասարակական կազմակերպության նախագահ էլսիկ Ազիզյանի` դելֆինները կերակրվելու են ներկրված սառեցված ձկով, ինչը անընդունելի է:


Նունե Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG