Մատչելիության հղումներ

Ճարտարապետների միության նախագահը քննադատում է Երեւանի խիտ կառուցապատումը


Շինարարություն Երեւանի կենտրոնում

Շինարարություն Երեւանի կենտրոնում

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի կարծիքով` անցնող 2010 թվականին այս ոլորտում առանձնապես մեծ ձեռքբերումներ չեն եղել:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում միության նախագահը կատարված աշխատանքների թվում նշում է մի շարք կառույցներ, որ ավարտին հասցվեցին եւ ճանապարհներ, որոնք կարեւոր էին Երեւանի տրանսպորտային բեռնաթափման տեսանկյունից:

Մկրտիչ Մինասյանը այս տարի Ճարտարապետների միության կատարած ամենակարեւոր աշխատանքը համարում է Երեւանի նախկին Երիտասարդության պալատի տեղում կառուցվող «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցի նախագծի համար հայտարարված միջազգային մրցույցթը, որտեղ հաղթեց ճապոնացի ճարտարապետը:

«Վերջին հաշվով մրցույթը նաեւ երկիր ներկայացնելու խնդիր է, իսկ այստեղ մասնակցեցին մոտ 1000 ճարտարապետներ եւ ներկայացրեցին 300-ից ավելի նախագիծ», - ասաց Մինասյանը:

Խոսելով Երեւանի ներկայիս տեսքի մասին` Ճարտարապետների միության նախագահը ասաց, որ համաձայն չէ քաղաքի, հատկապես կենտրոնի խիտ կառուցապատմանը ամենատարբեր շինություններով:

«Ամբողջ աշխարհում ճարտարապետությունը հիմա բոլորովին ուրիշ ընթացք ունի, նախ եւ առաջ ճարտարապետությունը կոչված է, որ մարդը իրեն լավ զգա այդ միջավայրում, հակառակ դեպքում` դա արդեն ճարտարապետություն չէ», - շեշտեց նա:

Ըստ Մինասյանի` քաղաքները շատ հաճախ ավելի գրավիչ են մեծ կանաչապատումով, այլ ոչ թե կառուցապատումով, «ամբողջ աշխարհն է այս ուղիով գնում», իսկ Հայաստանում հակառակն է:

«Մենք յուրաքանչյուր ազատ տարածքի վրա մեծ կառույց ենք սարքում եւ հետո ուզում ենք, որ մեր շրջապատը գրավիչ լինի, եթե հասնենք նրան, որ բոլորը իմանան դրա կարեւորությունը եւ քաղաքը կամաց-կամաց, քայլ առ քայլ մաքրելով` Կենտրոնից սկսած մինչեւ արվարձանները, կլինի գործ», - ասաց Մինասյանը` հավելելով, որ այս խնդիրը վերաբերում է նաեւ Հայաստանի մյուս բնակավայրերին:
XS
SM
MD
LG