Մատչելիության հղումներ

Եվրամիությանը մտահոգում են Հայաստանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության խնդիրները


Շտեֆան Ֆյուլե
Շտեֆան Ֆյուլե
Հայաստանում Եվրամիությանը ամենից շատ մտահոգող խնդիրներից մեկը մարդու իրավունքների պաշտպանությունն է եւ ժողովրդավարության զարգացումը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է Եվրամիության ընդարձակման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն։

«Մարդու իրավունքների պաշտպանությունը մեզ մտահոգող ամենակարեւոր հարցերից մեկն է, եւ ես ուրախ եմ, որ Հայաստանի իշխանությունները համաձայնել են Եվրամիություն - Հայաստան հարաբերությունների շրջանակում ստեղծել ենթահանձնաժողով` մարդու իրավունքների պաշտպանության շուրջ։ Սա կարեւոր խնդիր է։ Կարեւոր է, որ երկու տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների ողբերգական հիշողությունները մնան ետեւում», - ասել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան` ընդգծելով. - «Նկատի ունեմ` ոչ թե մոռացության մատնել դրանք, այլ պահելով հիշողության մեջ` առաջ գնալ, ազատ արձակել նրանց, ովքեր դեռ անազատության մեջ են` մարտիմեկյան իրադարձությունների առնչությամբ»։

Ֆյուլեի խոսքով, ժողովրդավարական բարեփոխումներն ու տնտեսական դաշտը ազատականացնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերը կարեւոր են ոչ միայն Հայաստանի կայուն զարգացման, այլեւ` Եվրամիությանը մերձենալու, դաշինքից քաղաքական, տնտեսական ու ֆինանսական օգնություն ստանալու համար։

«Կարծում եմ` կարեւոր է ընդունել, որ, օրինակ, Արեւելյան գործընկերության ծրագիրը, որը մենք առաջարկել ենք ետխորհրդային վեց պետություններին, այդ թվում Հայաստանին, արդարամիտ առաջարկ է եւ շանս` իրագործել սեփական նպատակները` բարեփոխումների եւ առաջընթացի ճանապարհով։ Մեզ համար չկան առաջնային կամ երկրորդային կարեւորության երկրներ, որոնց մենք պատրաստ ենք ավելին տալ` մյուսների համեմատ, ամեն ինչ որոշվում է բարեփոխումների այն չափով, որ պատրաստ են իրագործել ծրագրի անդամ պետությունները», - ասել է Եվրամիության հանձնակատարը։

Մեկ տարի առաջ մեկնարկած Արեւելյան գործընկերության ծրագրով պաշտոնական Բրյուսելը ետխորհրդային վեց պետությունների` Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին, Մոլդովային, Ուկրաինային ու Բելառուսին առաջարկում է էական ֆինանսական աջակցություն, ազատ առեւտրի գոտու ստեղծում, վիզային ռեժիմի մեղմացում, փոխարենը` պահանջում է մարդու իրավունքների պաշտպանություն, ազատ մրցակցային պայմանների ապահովում ու կայուն զարգացում։

«Այդ վեց երկրներից Հայաստանը առանձնանում է նրանով, որ այստեղ բավական վաղ ներդրվեց Եվրամիության փորձագետների խումբը, որը աշխատում է յուրաքանչյուր նախարարությանը կից եւ խորհուրդներ տալիս քաղաքականության բարելավման շուրջ։ Կարծում եմ` սա խոսում է բարեփոխումները առաջ տանելու` Հայաստանի իշխանությունների կարեւոր հանձնառության մասին։ Այդուամենայնիվ, կան շատ մարտահրավերներ», - ասել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան ու ընդգծել. - «Հայաստանում կան քաղաքական գործիչներ, որոնք միայն խոսում են, մինչդեռ անհրաժեշտ է, որ մենք նաեւ նրանց գործը տեսնենք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG