Մատչելիության հղումներ

Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի համոզմամբ, վերջին կադրային փոփոխություններով ու երկրում տարածված արատավոր երեւույթների մասին խոսելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փորձում է շահել հասարակության վստահությունը, ստանալ ժողովրդի համակրանքը եւ իշխանության «իմիջը» փոխել: Բայց ընդդիմադիր գործչի համոզմամբ, Սերժ Սարգսյանի այս քայլերը ուշացած են:

«Օրինակ` ի՞նչ է նշանակում խոսել հիմա թիկնապահների շքահանդեսի մասին: Վաղուց արդեն այդ այլանդակ երեւույթը ուղղակի նողկանք է առաջացնում հասարակության մեջ», - ուրբաթ օրը հրավիրած ասուլիսում հայտարարեց Դեմիրճյանը: - «Կամ խոսում էր «զրո անհանդուրժողականության» մասին գողության նկատմամբ, կոռուպցիայի նկատմամբ: Բայց մինչեւ հիմա եղել է հարյուր տոկոս հանդուրժողականություն [ընտրողների] ձայները գողացողների նկատմամբ: Դրանք էլ են` չէ՞ գող»:

Անցած շաբաթ նախագահ Սարգսյանի նախաձեռնությամբ նշանակալի փոփոխություններ կատարվեցին կառավարության կազմում, մասնավորապես` փոխվեցին արդարադատության, էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարները: Բացի այդ, դեկտեմբերի սկզբին Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եւ նախագահի աշխատակազմի ներկայացուցչի միջեւ տեղի ունեցած սկանդալային հակամարտության արդյունքում Բեգլարյանը հրաժարական տվեց, նրա փոխարեն անցած շաբաթ քաղաքապետ ընտրվեց «ՀայՌուսգազարդ»-ի տնօրեն Կարեն Կարապետյանը:

Այս փոփոխություններից հետո, անցած շաբաթ օրը իր ղեկավարած Հանրապետական կուսակցության 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը հանդես եկավ ընդարձակ ծրագրային ելույթով` քննադատելով Հայաստանում տարածում ստացած արատավոր երեւույթները, անդրադառնալով երկրի ներքաղաքական կյանքին: Սերժ Սարգսյանը, մասնավորապես, իր ելույթում ընդդիմությանը բաժանել էր երեք խմբի` նշելով, թե առաջին խմբում երկրի եւ ժողովրդի բախտով անկեղծորեն մտահոգ անհատներն են, իսկ մյուս երկու խմբին քննադատել էր` ասելով, թե նրանք միայն խոսում են իշխանափոխության մասին, ցեխ են շպրտում Հանրապետականի վրա եւ վարկաբեկում Հայոց բանակը:

Հակադարձելով Սերժ Սարգսյանին, Ստեփան Դեմիրճյանն ասաց, թե ընդդիմության մասին դատողություններ անելու եւ որակումներ տալու փոխարեն, թող նախ ազատ ընտրություններ անցկացնեն` ընդգծելով, թե իշխանություններն էլ երկու խմբի են բաժանվում` լեգիտիմ եւ ոչ լեգիտիմ: Ընդդիմադիր գործչի համոզմամբ, հենց այս վերջին խմբում են Հայաստանի իշխանությունները:

Անդրադառնալով վերջին կադրային փոփոխություններին, ՀԺԿ-ի ղեկավարն ասաց, որ նույնիսկ առանձին դեպքերում հաջող նշանակումներով երկրում էական փոփոխությունների հասնել հնարավոր չէ: Խնդրի լուծումը նա տեսնում է միայն արդար ընտրությունների անցկացման մեջ:

«Բայց սա արդեն բոլորիս խնդիրն է: Պետք է այդ արդար ընտրությունները պարտադրվի ամբողջ հասարակության կողմից», - ընդգծեց Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը:

Անդրադառնալով վերջին կադրային փոփոխություններին, ՀԺԿ-ի ղեկավարն ասաց, որ նույնիսկ առանձին դեպքերում հաջող նշանակումներով երկրում էական փոփոխությունների հասնել հնարավոր չէ: Խնդրի լուծումը նա տեսնում է միայն արդար ընտրությունների անցկացման մեջ:

«Բայց սա արդեն բոլորիս խնդիրն է: Պետք է այդ արդար ընտրությունները պարտադրվի ամբողջ հասարակության կողմից», - ընդգծեց Ստեփան Դեմիրճյանը:

Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսին անդամակցող ՀԺԿ-ի ղեկավար Ստեփան Դեմիրճյանն ասաց, թե դեռեւս չեն քննարկել, թե ինչ ցուցակով է Հայ ազգային կոնգրեսը մասնակցելու 2012-ի խորհրդարանական ընտրություններին: Ավելին, Ստեփան Դեմիրճյանն ասաց, թե չի էլ մտածել` կառաջադրի՞ իր թեկնածությունը 2013-ի նախագահական ընտրություններում, թե՞ ոչ:

Ամփոփելով անցնող 2010 թվականը, Ստեփան Դեմիրճյանն ասաց, որ այն ձեռքբերումների տարի չէր, եւ որեւէ առաջընթաց հնարավոր չէ արձանագրել երկրում կուտակված խնդիրների լուծման առումով:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG