Մատչելիության հղումներ

logo-print

«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման համար Հայաստանում համապատասխան շինարարական ընկերություն չկա


«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին դեռ չի կառուցվել, քանի որ, ըստ Տրանսպորտի եւ կապի նախարարի, Հայաստանում ոչ մի շինարարական ընկերություն ի զորու չէ իրականացնել նմանատիպ ավտոճանապարհի կառուցումը:

Հայաստանի կառավարությունը մոտ 1.5 տարի առաջ էր ազդարարել միջազգային չափանիշներին համապատասխանող «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարության մեկնարկը: Այս ծրագրով կկառուցվի ոչ թե նոր ավտոմայրուղի, այլ կվերակառուցվեն եւ կընդարձակվեն Հայաստանի ավտոճանապարհները` Իրանի սահմանից մինչեւ Վրաստանի սահմանը` նպատակ ունենալով Հայաստանի հարավը կապել հյուսիսի հետ:

«Մենք սկսում ենք ճանապարհաշինության մի մեծ գործընթաց, որի տարողունակությունը, ըստ Ասիական զարգացման բանկի գնահատականների, մինչեւ 1.5 միլիարդ դոլար է», - այն ժամանակ հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ուրբաթ օրը լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը տեղեկացրեց, որ նախկինում ճապոնական «Պադեկո»
Մանուկ Վարդանյան
ընկերության կողմից ընտրված ծրագիրը այսօր էապես փոփոխությունների է ենթարկվում:

«Ստեղծեցինք ՊՈԱԿ-ը, ձեւավորվեց աշխատակազմը, իրականացրեցինք առաջին փուլի նախագծային աշխատանքը, կազմվեց օտարման ցուցակը, մրցույթը կայացավ, բայց հաղթող չորոշեցինք, որովհետեւ առաջարկված գինը բավականին բարձր էր: Շինարարությունը, որ իրականացվի, գաղտնիք չի լինի, պետք է սկսենք Աշտարակից, գնանք Գյումրի: Նմանատիպ ճանապարհ մեր տեղական շինարարների միջոցով կառուցել չենք կարող, դա նոր ճանապարհ է եւ նոր ստանդարտներով», - ասաց նախարար Վարդանյանը:

2009-ի սեպտեմբերին Կառավարությունը եւ Ասիական զարգացման բանկը կնքեցին պայմանագիր` մինչեւ 550 կմ երկարությամբ ձգվող ավտոմայրուղու շինարարության համար 500 միլիոն դոլար տրամադրելու մասին: Նախարար Վարդանյանի խոսքով` մինչ օրս ֆինանսավորվել է միայն առաջին` նախագծման փուլը` ընդամենը 300 հազար դոլար:

«Ծրագիրը փուլ առ փուլ է ֆինանսավորվում: Առաջին փուլի հետ կապված` 11.7 կմ-ի համար համապատասխան ֆինանսական միջոցները առանձնացված է, պայմանագիրը կնքված, վավերացված է, բայց քանի որ մրցույթ չկայացավ, բնակականաբար, գումարները վճարվել է նախագծողներին եւ աշխատակազմին` այդ խնդիրները լուծելու համար: Առաջին նախագծի արժեքը բավականին ցածր է եղել` 300 հազար դոլար, իրականացրել է հայկական ընկերությունը, որը բավականին բարդություններ ունեցավ եւ իմ պահանջով ստիպված վարձեց գերմանացի եւ ֆրանսիացի մասնագետների: Դա պետք է անել, սովորել, այս խնդիրների համար, բնակականաբար, վճարումները կատարվել են», - տեղեկացրեց նախարարը:

Այս տարվա հունվարին Էկոնոմիակայի արդեն նախկին նախարար Ներսես Երիցյանը հայտարարեց, թե գործադիրը հաստատել է «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու ծրագրի առաջն մասի իրականացման վարկային պայմանագիրը` 60 միլիոն դոլար արտոնյալ պայմաններով վարկի տրամադրման մասին: Իսկ ողջ 2010 թվականի ընթացքում, ըստ Երիցյանի, ավտոմայրուղու շինարարության վրա նախատեսվում էր ծախսել մինչեւ 120 միլիոն դոլար:

Ասիական զարգացման բանկը անցած տարվա սեպտեմբերին հաստատել էր նաեւ Վրաստանի սեւծովյան ափից մինչեւ Հայաստանի հետ սահմանամերձ Ջավախք ավտոմայրուղների վերանորոգման 500 միլիոն դոլարի ծրագիրը, որը այժմ հաջողությամբ իրականացվում է:

2008 թվականին Հայաստանը եւ Վրաստանը կառավարական մակարդակով պայմանավորվել էին միջազգային դոնորների աջակցությամբ արդիականացնել այդ ճանապարհները, ինչը, ըստ հայ պաշտոնյաների, պետք է դյուրացներ Հայաստանի տարածքով իրանական բեռնատար ավտոմեքենաների ելքը դեպի Սեւ ծով:

Անդրադառնալով Իրան-Հայաստան երկաթուղու ֆինանսավորմանը` Մանուկ Վարդանյանը հերքեց, որ արդեն ստացվել է կառուցման համար ավելի քան 1 միլիոն դոլարի վարկը, որը ստանալու շուրջ հոկտեմբերին Չինաստանում բանակցություններ էր վարում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ըստ Վարդանյանի` ֆինանսավորման հարցի շուրջ Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի եւ Ասիական զարգացման բանկի հետ բանակցությունները դեռ չեն ավարտվել:

«Այդ քննարկումների վերջնակետին հասնելու համար պետք է լինի տեխնիկատնտեսական հիմնավորում, առնվազն տեխնիկական նախագիծ, որպեսզի մարդիկ տեսնեն, ասեն, որ այսքան գումարը, որ նախատեսված է, մենք այսքանով կմասնակցենք: Այս բոլոր խնդիրները կարգավորելուց հետո այդ խոսակցությունները կթարմացվեն», - ասաց Վարդանյանը` Իրան-Հայաստան երկաթուղին գնահատելով որպես Հայաստանի համար «խիստ ռազմավարական ծրագիր»:
XS
SM
MD
LG