Մատչելիության հղումներ

«Որեւէ առիթ` ակտիվացնելու Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, Փելոսին չուներ»


ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսի
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսի
«Ես կարծում եմ, որ որեւէ առիթ Նենսի Փելոսին` ներկայումս ակտիվացնելու այդ գործընթացը, չուներ», - ասաց դեսպան, քաղաքագետ Դավիթ Հովհաննիսյանը` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով ԱՄՆ-ի Կոնգրեսի օրակարգում Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի չընդգրկվելը:

«Ընդհանրապես` հարցը միշտ պետք է դիտարկել թուրք - ամերիկյան հարաբերությունների հարթության մեջ: Սա նշանակում է, որ ներկայումս այդ հարաբերությունների տրամաբանությունը այնպես է զարգանում, որ նման գործողությունների կարիք չկա: Ես չեմ կարծում, որ որեւէ լուրջ մեկնաբան կամ վերլուծաբան կարող էր ակնկալել ներկայումս այդ հարցի շոշափումը կամ ակտիվ քննարկումը», - ասաց Հովհաննիսյանը` հավելելով. - «Ինչպես միշտ, ակտիվացում կլինի փետրվարից մինչեւ ապրիլի 24-ը, իսկ թե այդ ժամանակաշրջանում ինչ վիճակում կլինեն թուրք - ամերիկյան հարաբերությունները եւ բազմաթիվ այլ հարցեր` կապված հայ - թուրքական հարաբերությունների հետ, դժվար է կանխատեսել ներկայումս: Հայ - թուրքական հարաբերությունների ակտիվացումը եւ ամերիկյան գործոնի կարեւորումը սեզոնային բնույթ է կրում»:

Նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի օրակարգում չընդգրկելը անվանել է «ողջախոհության հաղթանակ», ինչին Դավիթ Հովհաննիսյանը հակադարձեց. - «Ես չեմ կարծում, որ այստեղ որեւէ հաղթանակ կամ որեւէ պարտություն կա, այսինքն` ամեն ինչ իր հունով նորմալ գնում է, նորմալ` ոչ հայկական կողմի համար, բայց բնական ճանապարհն է»:

«Ի՞նչ պետք է լինի, որպեսզի Կոնգրեսում մեծամասնությունը կողմ քվեարկի այդ բանաձեւին` երբեւէ», - այս հարցին քաղաքագետը պատասխանեց. - «Ես կարծում եմ, որ դա կլինի [Հայոց ցեղասպանության] 100-ամյակի հետ կապված: 100-ամյակից հետո այդ գործոնը ուղղակի սպառված կլինի, Միացյալ Նահանգները այլեւս այդ պրոբլեմը որպես լծակ` Թուրքիայի վրա ազդելու համար, էլ չի ունենա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG