Մատչելիության հղումներ

Արեւմտյան աշխարհում սկսվում են սուրբծննդյան տոնակատարությունները


Տոնածառը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում

Տոնածառը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում

Այսօրվանից կաթոլիկ եւ բողոքական աշխարհը սկսում է տոնել Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը։

Մեծ թվով երկրներում իշխանությունները եւ հասարակական կառույցները կազմակերպելու են բարեգործական համերգներ, վիճակախաղեր, մարզական հանդիպումներ, որոնց կմասնակցեն շոու-բիզնեսի եւ սպորտի աստղեր, հանրության հեղինակությունը վայելող գործիչներ, գիտնականներ։ Այդ միջոցառումների ընթացքում ստացված դրամական միջոցներն ըստ ավանդույթի փոխանցվելու են չքավորներին, հիվանդանոցներին, մանկատներին սատարող հիմնադրամներին։

Ուշ երեկոյան եկեղեցիներում մատուցվելու է Ճրագալույցի պատարագը, հավատացյալները երգելու են ավանդական Քրիսմաս քերոլները` Փրկչին փառաբանող գեղեցիկ երգերը։

Հաջորդ օրը տոնակատարությունները կշարունակվեն, եւ եկեղեցիներում, քաղաքների, փոքրիկ ավանների ու գյուղերի հրապարակներում, որտեղ տեղադրվելու են Բեթղեհեմի մսուրը պատկերող նկարներ եւ արձանիկներ, նորից կազմակերպվելու են տոնավաճառներ, երգելու են նվագախմբերը։

Հարազատները եւ բարեկամները նվերներ են փոխանակում եւ տոնական սեղանների շուրջ նշում են Փրկչի Սուրբ Ծնունդը։

Դեկտեմբերի 24-ի երեկոյան Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում Քրիստկինդլը, նույն ինքը Վայնախթսմանը, նվեր է բերում այն երեխաներին, ովքեր չարություն չեն արել տարվա ընթացքում։ Անգլերեն նրա անունն է Սանտա Կլաուս, Մեծ Բրիտանիայում, Միացյալ Նահանգներում, Կանադայում, Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում Սանտան նվերները բերում է դեկտեմբերի 25-ին։ Իսկ, օրինակ, Չեխիայում, Սլովակիայում, Ռումինիայում եւ Հունգարիայում Քրիստկինդլին, այսինքն` Մանուկ Քրիստոսին անվանում են Յեժիշեկ կամ Միկուլաշ, նա դեկտեմբերի 6-ին է նվերներ բերում երեխաներին։ Իսպանիայում եւ իսպանախոս այլ երկրներում նվերներ են մատուցում հունվարի 6-ին։

Քրիստոնեության առաջին ժամանակաշրջանում բոլոր եկեղեցիներն են Սուրբ Ծնունդը տոնել հունվարի 5-6-ը։ Հայ Առաքելական եկեղեցին հավատարիմ է մնացել այդ ավանդույթին, մինչդեռ 4-րդ դարում Հռոմը որոշել է Սուրբ Ծնունդը տոնել դեկտեմբերի 24-25-ը։ Պատմաբանները դա բացատրում են Հռոմում այն ժամանակ մեծ տարածում ունեցող եւ հենց դեկտեմբերի վերջին օրերին նշվող հեթանոսական տոնը` Սատուրնական օրերը արմատախիլ անելու անհրաժեշտությամբ։ Ինչպես եւ Հայ Առաքելական եկեղեցին` քրիստոնեական արեւմտյան եկեղեցիներն էլ Փրկչի Մկրտությունն ու Աստվածահայտնությունը տոնում են հունվարի 6-ին։

Դեկտեմբերի 25-ին Վատիկանում Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հովվապետ Բենեդիկտոս 16-րդը հավատացյալներին դիմելու է Urbi et Orbi` «Քաղաքին եւ Աշխարհին» հասցեագրված ուղերձով, որի ընթացքում տասնյակ լեզուներով, այդ թվում` հայերեն, հավատացյալներին շնորհավորելու է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդի առիթով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG