Մատչելիության հղումներ

«Ամերիկահայ գաղութը հիասթափված եւ բարկացած է, որ խոսնակ Փելոսին իր խոստումը չհարգեց եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը չդրեց քվեարկության Ներկայացուցիչների տան մեջ»:

«Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը եւ, անշուշտ, ամբողջ ամերիկահայ գաղութը հիասթափված եւ բարկացած է, որ խոսնակ Փելոսին իր խոստումը չհարգեց եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը չդրեց քվեարկության Ներկայացուցիչների տան մեջ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հինգշաբթի օրը ասաց Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը։

«Հստակորեն խոսնակ Փելոսին թե՛ հեղինակությունը ուներ, թե՛ կոնգրեսականների մեծամասնության զորակցությունը բանաձեւն ընդունելու համար, եւ թե առիթը ուներ ներկայացնելու, սակայն չներկայացրեց եւ նորից թուրքական կառավարությանը առիթ տվեց, որ կաշկանդեն Ամերիկայի ազատ խոսքը Հայոց ցեղասպանության հարցում», - նշեց Չուլջյանը:

Միաժամանակ նա դրական գնահատեց ամերիկահայերի մասնակցությունը, ասաց, որ` «տարված աշխատանքներում տեսանք հսկայական մասնակցություն ամերիկահայ գաղութի կողմից, տեսանք աննախընթաց դաստիարակություն ամերիկյան ժողովրդին, երբ որ իր մասնակցությունը բերեցին Սերժ Թանկյանը, Քիմ Քարդաշյանը, Ալեսո Իսկանդարյանը, որոնք իրենց 10 միլիոնից ավելի հետեւողներին սովորեցրեցին Հայոց ցեղասպանության մասին։ Տեսանք նաեւ աննախադեպ մասնակցություն երիտասարդների կողմից, որոնք վերջին ամիսներին օր ու գիշեր աշխատում էին իրենց աջակցությունը բերելով որ բանաձեւն ընդունվի Ներկայացուցիչների պալատում»։

Չուլջյանի խոսքով, այս աշխատանքները «սկզբնակետ դարձան նորանոր աշխատանքների համար՝ ոչ միայն Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի, այլ նաեւ ավելի աշխուժացնելու ղարաբաղյան հարցն ու հայ-ամերիկյան հարաբերությունները»։

Հունվարի սկզբից Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կկազմեն հանրապետականները, որոնք հաղթել էին նոյեմբերին անցկացված միջանկյալ ընտրություններում: Ապագա խոսնակ Ջո Բոները դեմ է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունմանը։

Այս կապակցությամբ Էլիզաբեթ Չուլջյանն ասաց, որ «անցյալում կոնգրեսական Բոները չէր աջակցել բանաձեւին, բայց այս աշխատանքներում տեսանք, որ ապագա մեծամասնության ղեկավար Էրիկ Քենթերը, ղեկավարության կազմից Քեւին Մըք Քարթին, զորավիգ էին բանաձեւին եւ ի վերջո, եթե բանաձեւը քվեարկության դրվեր, պիտի տեսնեինք, որ թե՛ Հանրապետական եւ թե Դեմոկրատ կոնգրեսականները աջակցում են բանաձեւին։ Հայոց ցեղասպանության հարցը մեկ կուսակցության հարց չէ։ Այն իր զորակցությունն ունի երկու կուսակցություններում եւ այդ հիման վրա պետք է շարունակել աշխատանքը այս բանաձեւը, Հայոց ցեղասպանության ճանաչման ընդհանուր գործը առաջ մղելու համար»։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG