Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ն ձախողված է համարում 2010-ին իշխանությունների վարած ներքին եւ արտաքին քաղաքականությունը


ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյան

ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյան

Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը 2010 թվականին իշխանությունների վարած արտաքին եւ ներքին քաղաքականությունը ձախողված է համարում:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ասաց, որ 2010 թվականը 2009-ին սկսված հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող «ֆուտբոլային դիվանագիտության» ձախողման հետեւանքների տարին էր:

Նա այս տարի եղած միակ դրական բանը համարում է հունվարի սկզբին հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը, որտեղ «իրավական դիրքորոշման մեջ մատնանշվեցին եւ տրվեցին բոլոր այն մտահոգությունների իրավական հիմնավորումները, որ «ոչի» շարժումը բարձրացնում էր»:

«Դրանից հետո եղան միայն կիսաքայլեր, եթե անգամ դրական միտումներ էին նախատեսում, այդ դրական միտումները կատարվեցին կես քայլերով, կիսատ-պռատ եւ չէին կարող տալ ցանկալի արդյունքը: Մասնավորապես, դրան հետեւեց նախագահի որոշումը` կասեցնել հայ-թուրքական արձանագրությունների գործընթացը, որով համարեցինք, թե մի մեծ քայլ ենք կատարել, այնինչ իրականության մեջ մենք կասեցնում ենք մի գործընթաց, որը վաղուց կասեցրել էր Թուրքիան եւ փաստորեն մենք կամա, թե ակամա հայտնվել ենք թուրքական սցենարի մեջ», - ասաց Ռուստամյանը:

Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացին` Ռուստամյանը մի կողմից ողջունեց մադրիդյան սկզբունքների հրապարակումը, որոնք քողազերծեցին բանակցային գործընթացը, մյուս կողմից` դրանք համարեց հայկական կողմի համար ոչ ձեռնտու:

«Այդ սկզբունքները, ըստ էության, կանխորոշել են հետագա գործընթացը Ղարաբաղի հարցի կարգավորման ուղղությամբ, բայց այն ուղղությամբ են կանխորոշել, որ բացարձակապես մեզ համար ձեռնտու չէ, որովհետեւ որեւէ մեկը չի կարող ցույց տալ այդ սկզբունքների մեջ մի տող, բացի այն, որը մենք միշտ արծարծում ենք, որ 3 սկզբունքները մեկ հարթության վրա են դրվել` տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշման իրավունք եւ ուժի չկիրառում, մնացած կետերից որեւէ մեկը մեզ օգտակար չէ, այլ օգտակար է ավելի շատ Ադրբաջանին», - կարծում է Ռուստամյանը:

Ներքին քաղաքականության ձախողմների մասին խոսելիս Ռուստամյանը առաձնացրեց սոցիալ-տնտեսական գործընթացները եւ այն, որ կոալիցիոն ուժերը շեղվել են 2008-ին ստորագրած համաձայնագրի հիմքը հանդիսացող 22 առաջնահերթություններից:

«Ժողովրդավարության առումով Հայաստանում դեմոկրատիկայի փոխարեն պլուտոկրատիա է հաստատված արդեն, այսինքն փողը բերում է իշխանություն, իշխանությունը` հավելյալ փող, այս տրամաբանությամբ իշխանությունները վերարտադրվում են»:

Ռուստամյանը նաեւ շեշտում է, որ գալիք տարվա սկզբներին ամենակարեւոր հարցը լինելու է ընտրական համակարգի բարեփումը:

«Կստեղծենե՞նք հիմքեր, որպեսզի ժողովրդի վստահությունը ընտրությունների վերաբերյալ մեծանա: Եթե ոչ` մենք կունենանք նույն հետեւանքները, ինչ որ անցած ընտրությունների ժամանակ», - ասում է Ռուստամյանը:

2010-ի առաջին կեսին Հայաստանի արտգործնախարարի հրաժարականը պահանջող կուսակցությունն այսօր արդեն իշխանափոխության եւ համակարգային փոփոխությունների պահանջով է հանդես գալիս:

«Մենք ավելի գլոբալ խնդիր ենք դնում` իշխանափոխություն, այսինքն նախագահ, Ազգային ժողով, կառավարություն: Ամբողջ համակարգը պետք է փոխվի, որպեսզի այս երկիրը կարողանա ճիշտ ընթացքի մեջ հայտնվել` զարգանալ չզիջելով», - շեշտում է Ռուստամյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG