Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 23-ի մամուլ


«168 ժամ»-ը գրում է. - «Երեկ հերթական անգամ օրհնվեց հայտնի սհաթը: Ընդ որում, կրկնակի: Նախ` կեսօրին ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Լեզվի մասին» օրենքում լրացումներ, իսկ «Հանրակրթության մասին» օրենքում` փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որով վերացվեց Հայաստանում օտարալեզու, այդ թվում` ռուսալեզու դպրոցներ բացելու արգելքը` փաստացի ռուսաց լեզուն հավասարեցնելով պետական լեզվի կարգավիճակին: Իսկ մինչ Երեւանում մտավորականներն ու օտարալեզու դպրոցների դեմ պայքարող հարյուրավոր քաղաքացիներ բողոքի ձայն էին բարձրացնում ընդունված օրենքի վերաբերյալ, արդեն Մոսկվայում` ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր լայնարձակ ժպիտով լսում էր, թե ինչպես է ռազմավարական երկրի պաշտոնյան իր հետ խոսում այնպիսի տոնով, ինչպես խոսում են սեփական նահանգապետի հետ: Բացառված չէ նույնիսկ, որ ՀՀ իշխանությունները միտումնավոր էին օրենքի ընդունման օրը հարմարեցրել Տիգրան Սարգսյանի մոսկովյան այցի հետ»:

«Լեզվի մասին» օրենքում փոփոխության ընդունմանը նոր մեկնաբանություն է տալիս «Ժամանակ»-ը. - «Թող անիմաստ բառախաղ չթվա, բայց հարցը տվյալ դեպքում խնդրի պետական կողմն է: Փաստորեն, պետությունը կարող է ընդամենը մի քանի մասնավոր ներդրողի համար փոխել ամեն ինչ, նույնիսկ պետական եւ ազգային առանցքներից մեկը հանդիսացող լեզուն: Այսինքն` եթե վաղը որեւէ մի մեծահարուստ, լինի դա Ռուսաստանից, լինի Միացյալ Նահանգներից, Եվրոպայից կամ Արաբական Միացյալ Էմիրություններից, խոստանա մի քանի միլիոնի կամ միլիարդի ներդրում կատարել Հայաստանում, եթե իշխանությունը, ասենք, համաձայնի պետական զինանշանի վրա պատկերել այդ ներդրողի կամ նրա, ասենք, 5 որդիներից ավագի կամ կրտսերի պատկերը, այդ պահանջը կարող է կատարվել, քանի որ «փողը նաղդ է տրվում»: Դա է այն քաղաքակրթական խնդիրը, որ արտահայտվում է «Լեզվի մասին» օրենքի փոփոխության համատեքստում»:

«Հայոց աշխարհ»-ի զրուցակիցն է Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը: «ԱԺ արտահերթ նստաշրջանում ցանկացած հարցի քննարկման ժամանակ ընդդիմությունը հայտարարում էր, թե խոսում է ժողովրդի անունից», - լրագրողի այս հարցադրմանը Նիկոյանը պատասխանել է. - «Որեւէ քաղաքական ուժ ողջ ժողովրդի անունից խոսելու իրավասություն չունի: Չեմ կարծում, թե խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններց որեւէ մեկի 16 կամ 6 պատգամավորները, կուսակցության երեք կամ երեսուն հազար անդամները տեղյակ են ժողովրդի բոլոր գնահատականներին ու կարող են արտահայտել ժողովրդի կարծիքը: Քաղաքական բոլոր ուժերը, հատկապես իշխանության համար պատասխանատու կուսակցությունները պարտավոր են առաջնորդվել մեր երկրի բոլոր` երեք միլիոնից ավելի քաղաքացիների ընդհանրական շահերով: Միշտ էլ յուրաքանչյուր հասարակության մեջ կան յուրօրինակ պահանջներ ունեցող փոքրաթիվ խմբեր, որոնց հայացքներն ու դիրքորոշումները բացարձակորեն չեն համընկնում ժողովրդի, ազգի, պետության շահերին, այլ սպասարկում են ինչ-որ անձի, հոսանքի կամ օտար ուժի կարիքները: Ոչ մի երկրում չի կարող ժողովրդի ընդհանրական շահը ստորադասվել այս կարգի հատվածային շահերին»:

Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին «Կապիտալ»-ի թղթակիցը հարցնում է. - «Ակնկալո՞ւմ եք արդյոք, որ 2011 թվականին պետպարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կհատի 50 տոկոսի սահմանը»: Պատասխան. - «Հնարավոր է, որ այդ ցուցանիշը շատ մոտենա 50 տոկոսի սահմանագծին կամ գուցե անցնի այդ սահմանը: 2011 թվականի համար մենք կանխատեսել էինք, որ այդ ցուցանիշը կլինի 49.2 տոկոս: Դա կախված է մի շարք գործոններից: Օրինակ` եթե տնտեսական աճը թույլ լինի, բնականաբար ցուցանիշն էլ բարձր կլինի: Մենք հուսով ենք, որ մյուս տարի Հայաստանում տնտեսական աճն ավելի մեծ կլինի, եւ պետպարտք/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշն էլ` ավելի փոքր»: «Ներկայում Հայաստանի ընթացիկ հաշվեկշռի պակասուրդը բավական մեծ է. ակնկալում ենք, որ այս տարի այն կկազմի ՀՆԱ-ի 15 տոկոսը: Մեր գնահատականը, որ դրամն արժեւորված է, պայմանավորված է վերոնշյալ կարճաժամկետ եւ միջնաժամկետ ֆենոմեններով: Պարզ է, որ Հայաստանի համար դժվար է վարել ՀՆԱ-ի 15 տոկոսի չափ կազմող ընթացիկ հաշվեկշռի պակասուրդը: Ահա դա նկատի ունենալով` մենք կարծում ենք, որ դրամն արժեւորված է», - ասել է Հորթոնը:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Իսկ ի՞նչ քայլեր են արվել 2010 թվականին այս [Հայաստանում թանկացման] «բնագավառում»: Առաջին եւ ամենակարեւոր քայլը. ապրիլի 1-ից գազը թանկացել է: Ընդ որում, կառավարությունը այդ քայլին գնացել է հնարավոր ամենալկտի ձեւով: Բանն այն է, որ Ռուսաստանը Հայաստանին մատակարարվող գազը թանկացրել է ընդամենը 17 տոկոսով, իսկ սրանք բռնել ու ժողովրդի համար նույն գազը թանկացրել են 40 տոկոսով: Միակ նպատակը` հնարավորինս շատ «քյաշ» փող կլպել ժողովրդից: Սա է, որեւէ այլ բացատրություն պարզապես չկա: Ընդ որում, թող որեւէ մեկը չփորձի արդարանալ, թե «դե մենք ի՞նչ անենք, «ՀայՌուսգազարդ»-ն է այդքան թանկացրել»: Սո’ւտ է: Այդ կազմակերպությունը չէր կարող ինքնուրույն նման որոշում կայացնել, իսկ եթե փորձեր, դրա համար կար հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որը ցանկության դեպքում պարզապես Կարեն Կարապետյանի «պորտը տեղը կդներ», եւ հարցը կփակվեր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG