Մատչելիության հղումներ

Ընդունվեց «Լեզվի մասին» օրենսդրական փաթեթը


Չորեքշաբթի օրը խորհրդարանական մեծամասնությունը ամբողջությամբ ընդունեց «Լեզվի մասին» եւ «Պետական կենսաթոշակի մասին» վիճահարույց օրենսդրական փաթեթներում լրացումներն ու փոփոխությունները:

Խորհրդարանական ընդդիմությունը չմասնակցեց քվեարկությանը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երկու քվերակությունից առաջ կոչ արեց բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներին չմասնակցել քվեարկություններին, սակայն նրա առաջակ-կոչը մնաց անպատասխան:

Օրենսդրական երկու փաթեթների քվեարկությունը զարմանալիորեն նույնն էր` 69 կողմ, 1 դեմ, ձեռնպահ չկար:

«Լեզվի մասին» օրենքում լրացումներ, իսկ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելով` խորհրդարանը կառավարության հետ միասին կանաչ ճանապարհ բացեց Հայաստանում միջազգային կրթական ծրագրերով ուսումնական հաստատություններ բացելու համար: Այսինքն, նոր օրենքով Հայաստանում հնարավոր կլինի բացել միջազգային կրթական ծրագրերով աշխատող 11 դպրոցներ` 2-ը մասնավոր, 9-ը` միջկառավարական համաձայնագրերի հիման վրա ստեղծված:

«Դրանք այն կրթական ծրագրերն են, որոնք գործում են 10 եւ ավելի երկրներում, կամ միջկառավարական համաձայնագրերի հիման վրա կարող են ստեղծվել նմանատիպ ուսումնական հաստատություններ եւ իրականացնել այդպիսի կրթական ծրագեր», - «Լեզվի մասին» օրենսդրական փաթեթի փոփոխությունները այդպես գնահատեց Ազգային ժողովի Կրթության, գիտության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Արտակ Դավթյանը:

ԱԺ այս արտահերթ նստաշրջանը, թերեւս, աննախադեպ էր նրանով, որ հիմնականում խորհրդարանական մեծամասնությունը ընդունեց քննարկված բոլոր օրինագծերը, բացի երկուսից: «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրենքի նախագիծը երկու անգամ դրվեց քվեարկության, բայց մերժվեց անհրաժեշտ թվով կողմ ձայներ չստանալու պատճառով: Նույնը տեղի ունեցավ նաեւ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքի լրացման դեպքում:

Այս օրինակները նկատի ունենալով` «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության անդամները հույս ունենին, որ «Լեզվի մասին» վիճահարույց օրենսդրական փաթեթը եւս նույն ճակատագրին կարժանանա:

Օրենսդրական փաթեթի քվեարկությունը կարող էր չկայանալ, եթե խորհրդարանում գտնվեին 4 պատգամավոր, ովքեր, անսալով ընդդիմության կոչերին, չքվեարկեին, եւ այս դեպքում քվորում չէր լինի:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամ Արամ Ապատյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում եւս մեկ անգամ հաստատեց, որ շարունակելու են պայքարը մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը:

«Կշարունակենք մեր ցույցերը ուղղված նախագահին», - տեղեկացրեց Ապատյանը` հավելելով, որ դրանից հետո կշարունակեն պայքարը իրավական դաշտում:

Նրա խոսքով` օրենսդրական փաթեթում կան դրույթներ, որոնք հակասում են ինչպես միջազգային կոնվենցիաներին, այնպես էլ երկրի մայր օրենքին` Սահմանադրությանը: Ապատյանը ասում է, որ ըստ միջազգային կոնվենցիաների` կրթությունը պետք է հասանելի լինի բոլոր քաղաքացիների համար: Մինչդեռ սահմանափակ քանակությամբ այլընտրանքային դպրոցներ ստեղծելով` հանրապետության քաղաքացիների զգալի մասը զրկվում է իրեն վերապահված իրավունքից:

«Օրենքը հակասում է այդ կոնվենցիային, հետեւաբար մերժելի է, մենք կդիմենք դատական ատյաններ, որպեսզի այս օրենքը մերժվի այս հակասության հիման վրա», - ասաց Ապատյանը:

Սակայն նա նաեւ նշեց, որ դեռ չեն ճշտել, թե ինչպես են վիճարկելու օրենքի սահմանադրականության հարցը:

Համաձայն Հայաստանի Սահմանադրության` Սահմանադրական դատարան կարող են դիմել հանրապետության նախագահը, Ազգային ժողովը, պատգամավորների առնվազն մեկ հինգերերոդը, այսինքն առնվազն 27 պատգամավոր, Կառավարությունը, տեղական ինքնակառավարման մարմինները, մարդու իրավունքների պաշտպանը, նաև յուրաքանչյուր ոք` կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները եւ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք հնարավոր են համարում, որ առնվազն 27 պատգամավոր կստորագրի Սահմանադրական դատարան դիմելու համար, կամ գուցե վստահ են, որ Հայաստանի դատական բոլոր ատյանները կքննեն այս գործը, Ապատյանը ասաց. - «Դա պետք է ճշտվի, ճիշտն ասած, մենք հույս ունեինք, որ հարցը այս փուլին չի հասնի, բայց մենք պետք է ճշտենք բոլոր օրենսդրական նրբությունները, մինչեւ փորձենք կատարել այն քայլերը, որ նախատեսում ենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG