Մատչելիության հղումներ

logo-print

Քաղաքաշինության նախարարը ոլորտի 10-12 տոկոս աճ է կանխատեսում


Հայաստանի քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյան

Հայաստանի քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյան

Հայաստանի քաղաքաշինության նախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Վարդանյանի խոսքով` իրեն առայժմ հրաժարականի պահանջ չի ներկայացվել:

«Կադրային փոփոխությունների հետ կապված` ինչ կարող եմ ասել. հստակ դրված են պահանջներ, հստակ դրված են խնդիրներ: Եթե որեւիցե մեկը, այդ թվում նաեւ ես, այդ խնդիրներին եւ պահանջներին չբավարարենք, բնականաբար, չենք աշխատելու: Եթե աշխատում եմ` ուրեմն բավարարում եմ», - չորեքշաբթի օրը հրավիրված ամփոփիչ ասուլիսում կարծիք հայտնեց Վարդան Վարդանյանը:

Անցած շաբաթ կառավարության կազմում եղան մի շարք փոփոխություններ, իսկ իշխող Հանրապետական կուսակցության 20-ամյակին նվիրված միջոցառմանը ունեցած իր ելույթում նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց կոալիցիոն կառավարության անդամներին ներկայացված պահանջների մասին:

Նույն օրը լրագրողների հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե ԲՀԿ-ի կոալիցիայից դուրս գալու հարց չի քննարկվում, ու նաեւ հերքեց կուսակցության քվոտայով նշանակված նախարարների հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը:

Այսօրվա ամփոփիչ ասուլիսում Վարդան Վարդանյանը նաեւ հայտարարեց, թե իր գլխավորած քաղաքաշինության նախարարությունը այս տարվա ծրագիրը կատարել է 100 տոկոսով:

Քաղաքաշինության նախարարը, այնուհետեւ, պարզաբանեց. - «Ոլորտը 2009 թվականի համեմատ մոտ 10-12 տոկոս աճ ունի: Բնականաբար, աշխարհով մեկ այս ֆինանսատնտեսական ճգնաժամը առաջին հերթին ազդեց նաեւ շինարարության ոլորտի վրա, եւ ես համոզված եմ, որ 2011 թվականին արդեն ավելի մեծ աճ կունենանք, քան 2010 թվականին»:

Հակառակ քաղաքաշինության նախարարի պնդումներին, Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից պարզ է դառնում, որ 2010 թվականի առաջին 11 ամիսներին նախորդ տարվա համեմատ շինարարության ծավալների 3.8 տոկոս անկում է արձանագրվել:

«Մեր հրապարակած ծանոթ եք: 11 տարվա ցուցանիշը, այո, նշված էր դեռ անկումով», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս փաստը հաստատեց Ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանը:

Հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ վերջին` դեկտեմբեր ամսին կարող է գրանցվել այնպիսի աճ, որը թույլ կտա տարին ամփոփել քաղաքաշինության նախարարի հայտարարած 10-12 տոկոս աճով` ԱՎԾ-ի ղեկավարը պատասխանեց. - «Վիճակագրությունը, օբյեկտիվության կանխավարկածից ելնելով, կանխատեսումներով չի զբաղվում»:
XS
SM
MD
LG