Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին` Բելառուսի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` Սարգսյանը Լուկաշենկոյին մաղթել է առողջություն եւ հաջողություններ պետական բարձր պաշտոնում, իսկ Բելառուսի ժողովրդին` բարօրություն եւ բարգավաճում:

Կիրակի օրը Բելառուսում անցկացված նախագահական ընտրություններին հաջորդեցին բողոքի ակցիաներ մայրաքաղաք Մինսկում, որոնք ավարտվեցին բախումներով ու հարյուրավոր ընդդիմադիրների ձերբակալություններով:

Հայաստանից ընտրություններին որպես դիտորդներ հետեւել են Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը եւ Արամ Սաֆարյանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Զոհրաբյանը ընդգրկված էր ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովի, Սաֆարյանը` ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունների կազմում:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG