Մատչելիության հղումներ

ՀԲ-ն եւս 19 միլիոն դոլարի վարկ է հատկացնում Հայաստանին


Համաշխարհային բանկի (ՀԲ) գործադիր տնօրենների խորհուրդը երեկ հաստատել է 19 միլիոն դոլարի վարկ` Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացման ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ ֆինանսավորման համար:

ՀԲ-ի հայաստանյան գրասենյակից ստացված հաղորդագրության համաձայն, ծրագիրը կօժանդակի Հայաստանի կառավարության ջանքերին` ուղղված ընտանեկան բժշկության հիման վրա առաջնային բուժօգնության ծառայությունների ընդլայնմանը եւ մարզերում հիվանդանոցային ցանցի արդիականացմանը: Ծրագրի նպատակն է բնակչությանը, մասնավորապես` ամենախոցելի խմբերին, տրամադրել առավել մատչելի, որակյալ առողջապահական ծառայություններ, ինչպես նաեւ ավելի լավ կառավարել հանրային առողջապահության սպառնալիքները:

Ծրագրով, մասնավորապես, կնորացվեն եւս 14 գյուղական ամբուլատորիաների ֆիզիկական պայմանները, կտրամադրվեն ժամանակակից սարքավորումներ, եւ բժշկական անձնակազմը կվերապատրաստվի ընտանեկան բժշկության ուղղությամբ, կֆինանսավորվի Արարատի, Արմավիրի, Ապարանի եւ Գորիսի չորս մարզային հիվանդանոցների համար սարքավորումների, պարագաների եւ կահույքի ձեռք բերումը, լիարժեք կվերազինվեն Գավառի եւ Գյումրիի բժշկական կենտրոնները, կֆինանսավորվի Գյումրիում նոր հիվանդանոցի շենքի կառուցումը, ժամանակակից տեխնոլոգիաներով կվերազինվեն Մեղրիի եւ Կապանի (Սյունիք), Աբովյանի (Կոտայք), Ալավերդու եւ Վանաձորի (Լոռի), Բերդի (Տավուշ) մարզային հիվանդանոցային ցանցերը:

Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը 25.3 միլիոն դոլար է, որից 6.3 միլիոն դոլարը Հայաստանի կառավարությունը ֆինանսավորելու է սեփական միջոցների հաշվին:

Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի 19 միլիոն դոլարի վարկն ունի 25 տարվա մարման ժամկետ, այդ թվում` 10 տարվա արտոնյալ ժամկետ:

1992 թվականին Համաշխարհային բանկին եւ 1993 թվականին Միջազգային զարգացման ընկերակցությանը անդամակցելուց հետո Հայաստանին տրամադրվել է մոտավորապես 1.409 միլիարդ դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG