Մատչելիության հղումներ

Պատերազմի դեպքում Ադրբեջանը եւ Թուրքիան կօգնեն միմյանց


Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը միմյանց ձեռք են սեղմում պայմանագրի ստորագրումից հետո, Բաքու, 16-ը օգոստոսի, 2010թ.

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը միմյանց ձեռք են սեղմում պայմանագրի ստորագրումից հետո, Բաքու, 16-ը օգոստոսի, 2010թ.

Ադրբեջանական խորհրդարանը ձայների 93 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ երեքշաբթի երեկոյան վավերացրեց Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ամռանը կնքված «Ռազմավարական գործընկերության եւ փոխօգնության մասին» պայմանագիրը:

Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները այս համաձայնագրի տակ իրենց ստորագրությունները դրեցին Բաքվում` օգոստոսի 16-ին: Մոտ չորս ամիս, սակայն, երկկողմ այս համաձայնագրի դրույթները գաղտնի էին պահվում: Պայմանագրի որոշ կետերի մասին առաջին կցկտուր տեղեկություններն ի հայտ եկան անցած շաբաթ, երեքշաբթի օրը արդեն 5 գլխից եւ 23 հոդվածից կազմված այս փաստաթղթի տեքստը գաղտնազերծվեց ամբողջությամբ:

Ներկայացված տեքստին անգամ հպանցիկ ծանոթությունից պարզ է դառնում, որ փաստաթղթի հիմնական նպատակը հայ - ռուսական ռազմական համագործակցության մասին Երեւանում այս տարվա օգոստոսին կնքված պայմանագրի հավասարակշռումն է:

Այսպես, Իլհամ Ալիեւի եւ Աբդուլա Գյուլի ստորագրած պայմանագրի երկրորդ կետում ասված է. - «Եթե պայմանագիրը ստորագրած կողմերից մեկը զինված հարձակման կամ ագրեսիայի ենթարկվի այլ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա մյուսը պարտավորվում է փոխադարձ օգնություն տրամադրել` առկա բոլոր հնարավորությունների կիրառմամբ»:

Թուրք - ադրբեջանական պայմանագրի եւս մի կետի համաձայն` կողմերը սերտացնելու են գործակցությունը ռազմական եւ ռազմարդյունաբերական ոլորտներում:

Բացի այդ, պայմանագրում նշված է. - «Ստորագրող կողմերը պարտավորվում են թույլ չտալ, որպեսզի իրենց տարածքը օգտագործվի մյուս կողմի դեմ ագրեսիվ կամ բռնի գործողությունների իրականացման նպատակով»:

Պաշտոնական Բաքուն ու Անկարան նաեւ պարտավորվում են համակարգել երկու պետությունների զինված ուժերի գործողությունները: Համաձայնագրում այս առթիվ նշված է. - «Պաշտպանական եւ փոխադարձ օգնության ծրագրի շրջանակներում նախատեսված համատեղ ռազմական գործողությունների իրականացման նպատակով կողմերը կարդիականացնեն ռազմական ենթակառույցները, համատեղ զորավարժություններ կանցկացնեն, ինչպես նաեւ քայլեր կձեռնարկեն երկու պետությունների Զինված ուժերի համակողմանի մարտական պատրաստությունն ապահովելու նպատակով»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG