Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 22-ի մամուլ


«Ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. - «Բանավեճը, թե արդյոք իշխանության մեջ տեղի ունեցող գործընթացները կարող են հանգեցնել հանրային եւ պետական շահի տեսանկյունից որակական փոփոխության, թե՞ որեւէ այդպիսի բան չի կարող լինել, թերեւս շատ հիպոթետիկ է: Հասարակության պահվածքի, թերեւս, խիստ սահմանափակ տարբերակներ կան: Առաջինն, օրինակ, այն է, որ հանրությունն այս ամենին հետեւի կողմնակի դիտորդի կարգավիճակում` համարելով, որ իր շահն այստեղ չկա, սա ընդամենը ներիշխանական գզվռտոց է, որից ով էլ շահի, միեւնույնն է, որեւէ լավ բան չի անելու քաղաքացիների համար: Ընդ որում` նկատելի է, որ հասարակության զգալի մասը հենց այդ դիրքորոշումն էլ որդեգրել է: Մինչդեռ, այս փուլում, երբ իշխանությունը որոշել է դեմոկրատիա եւ հանդուրժողություն, կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ պայքար շեփորել, թեկուզ զուտ քարոզչական նպատակներով, քաղաքացիական սեգմենտը, թերեւս, կարող է առավելագույնս օգտվել առիթից` մեծացնելու իր նշանակությունը որպես ներքաղաքական կյանքի վրա ազդեցություն ունեցող գործոն»:

Թեման շարունակում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը. - «Վերջին շաբաթվա ընթացքում մի քանի աղմկահարույց պաշտոնանկություններ են եղել, բայց լսե՞լ եք, որ որեւէ պաշտոնյա հայտարարի, թե այդ պաշտոնանկություններից գոնե մեկը կապված է կոռուպցիայի հետ: Իհարկե չեք լսել: Չէիք էլ կարող լսել, որովհետեւ կոռուպցիան քրեական հանցագործություն է, որի առթիվ պիտի գործ հարուցվի, որը պիտի հաստատվի դատարանի որոշմամբ, եւ միայն դրանից հետո տվյալ պաշտոնյան պաշտոնանկ արվի (եթե մինչ այդ հրաժարական չի տվել) եւ կրի իր պատիժը: Իսկ Հայաստանում երեւի այլ տրամաբանություն է գործում: Եթե այդ մարդիկ կոռուպցիոներներն են, որտե՞ղ է դատարանի որոշումը, իսկ եթե կոռուպցիայի հետ կապ չունեն, ապա ո՞ր «ֆրոնտում» է Սերժ Սարգսյանը պայքարում կոռուպցիայի դեմ»:

«Հրապարակ»-ի թղթակիցը հարցազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Լուրեր կան, թե ձեզ տեղափոխելու են վարչապետի նստավայր` նշանակելով վարչապետի խորհրդական կամ տեղակալ»: Պատասխան. - «Հավատացնում եմ Ձեզ` էդ բոլոր լուրերը հերյուրանքներ են: Ինձ պաշտոնանկ էս պահին, կարծում եմ` չեն անի: Էդպիսի խոսակցություն երբեւիցե չի եղել: Մի քանի օր առաջ եմ եղել հանրապետության նախագահի մոտ, նորմալ վերաբերմունք, նորմալ հանձնարարականներ եմ ստացել, որոնք մեկ կամ երկու օրվա հետ կապված չեն, որոնք կապված են հետագա ամիսների, ինչու չէ` տարվա հետ: Ես որպեսզի Ձեզ ապացուցեմ, դա կլինի էն աշխատանքը, որ ես կատարելու եմ: Նախազգացում նույնիսկ այդպիսի չունեմ, իսկ ոստիկանության պետի պաշտոնից հետո շարունակել մեկ ուրիշ տեղ խորհրդականների, օգնականների ստատուսում` ես չեմ պատրաստվում եւ չեմ ուզում: Ոստիկանության պետի պաշտոնից եթե պիտի պաշտոնանկ արվեմ, կհանգստանամ, կլինեմ իմ ժողովրդի հետ»:

«Առավոտ»-ը գրում է. - «Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդեն գործնական քայլեր է ձեռնարկել «Մարտի 1»-ի դեպքերի առնչությամբ կալանավորված եւ դատապարտված, նախկին քաղբանտարկյալ ու միայն վերջերս «վաղաժամկետ պայմանականով» ազատ արձակված Մուշեղ Սաղաթելյանի գանգատը քննելու ուղղությամբ: Նրա փաստաբան Վահե Գրիգորյանի ասելով սկսվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` ՀՀ կառավարության հետ այսպես ասած, «հաղորդակցվելու» փուլը, ասել է թե` ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը Սաղաթելյանի գանգատի հետ կապված հարցադրումներ է ուղարկել նախ` տեղեկացնելու դիմումի առկայության մասին, ապա եւ դրանում եղած հանգամանքների վերաբերյալ դատավարության պարզաբանումները ստանալու նպատակով: Ինքը` Մուշեղ Սաղաթելյանը, «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե` անշուշտ, բավարարված կզգա իրեն, եթե ՄԻ Եվրոպական դատարանը բավարարի իր ներկայացրած գանգատը` ոչ միայն այն պատճառով, որ իր նկատմամբ արդարադատության պահանջ ունի, այլեւ` արձանագրելու ու ցույց տալու համար, որ «չի կարելի այսքան անմարդկային ու անօրեն վերաբերմունք դրսեւորել մարդու հանդեպ»:

«Կապիտալ»-ը գրում է. - «Հայաստանի շուկայում առավել ծանր հարկային բեռը կրում են փոքր եւ միջին ընկերությունները եւ անհատ ձեռնարկատերերը: Այսպիսի եզրահանգում կա Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից իրականացված «Հարկային համապատասխանության արժեքի ուսումնասիրությունում»: Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի նոր հետազոտությունը վերհանում է հայաստանյան ընկերությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար առավել ծախսատար ու բարդ հարկային ընթացակարգերը եւ առաջարկում է բարեփոխումներ` պարզեցնելու հարկման գործընթացն ու բարելավելու ընդհանուր գործարար միջավայրը Հայաստանում: Հետազոտությամբ բացահայտվել է, որ առավել ծանր բեռը բաժին է ընկնում փոքր եւ միջին ընկերություններին եւ անհատ ձեռնարկատերերին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG