Մատչելիության հղումներ

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը ամփոփում է տարին


Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը
Ըստ Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի` նախնական տվյալներով գազի սակագների թանկացման պատճառով բնակչության կողմից սպառվող գազի ծավալները նվազել են մոտ 15-20 տոկոսով:

Իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին գազի սպառման ծավալների վերաբերյալ, նախարար Արմեն Մովսիսյանը ասաց. - «Ունենք նման մոնիտորինգ, իհարկե, գազի թանկացումը ազդում է նաեւ ազգաբնակչության կողմից գազի սպառման ծավալների վրա եւ տարեվերջին պարզ կլինի, թե ինչքան է դրա ազդեցությունը»:

Նա նաեւ տեղեկացրեց, որ հաջորդ տարի սպասվող գազի սակագների հերթական թանկացման հարցով բանակցությունները շարունակվում են:

«Ձգտում ենք, որ գոնե սակագինը մնա այս տարվա մակարդակին», - ասաց նախարարը:

Արմեն Մովսիսյանը տեղեկացրեց, որ 2010 թվականի ավարտին երկրի էներգահամակարգում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը կկազմի մոտ 6.5 միլիարդ կիլովատ/ժամ, ինչը 15 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Ընդ որում, միայն փոքր ՀԷԿ-երի արտադրած էլեկտարաէներգիայի ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 38 տոկոսով:

Ներկայացնելով հանքարդյունաբերության ոլորտի հիմնական տարեկան ցուցանիշները` Մովսիսյանը ասաց, որ այս տարի արդյունահանվել է մոտ 18 միլիոն 700 հազար տոննա հանքաքար: Նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշն աճել է 16 տոկոսով, իսկ արդյունահանված հանքաքարից արտադրված խտանյութերի ծավալը, այդ թվում` պղիձի, մոլիբդենի, ցինկի, նախորդ տարվա համեմատ աճել է 36 տոկոսով:

«Համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո տեսնում եք, թե հանքարդյունաբերությունը Հայաստանում ինչ թափով է սկսել զարգանալ», - շեշտեց նախարարը:

Մոտ 9 տոկոսով աճել է քիմիական արդյունաբերության ոլորտի արտադրանքի ծավալը: Ի դեպ, խոսելով «Նաիրիտ» քիմիական գործարանի մասին` նախարարը հավաստիացրեց, որ գործարանի աշխատողների աշխատավարձի պարտքերն արդեն մարվել են, եւ «Նաիրիտ»-ը այսպես, թե այնպես պետք է աշխատի»:

Նախարարը խոսեց նաեւ համակարգում իրականացված ծրագրերի մասին, այդ թվում` ապրիլին Երեւանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի շահագործման, «Սկադա» համակարգի ներդրման ծրագրի մասին:

Իսկ հաջորդ տարվա հիմնական անելիքների թվում նախարարը առանձնացրեց նոր 1200 մեգավատտ հզորությամբ ատոմակայանի շինարարությունը, Իրան-Հայաստան 400 կիլովոլտ լարման էլեկտրահաղորդման գծի եւ Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման ծրագրերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG