Մատչելիության հղումներ

«Ժառանգությունը» բողոքի ավտոերթեր անցկացրեց ընդդեմ ԱՊՊԱ օրենքի


Այսօր «Ժառանգություն» կուսակցությունը Երեւանում, Գյումրիում, Վանաձորում եւ Արմավիրում անցկացրեց ավտոերթեր ընդդեմ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրման մասին» օրենքով ամրագրված պարտադիր ավտոապահովագրման պայմանների եւ ժամկետների:

Երեւանի Նոր Նորք, Էրեբունի եւ Մալաթիա-Սեբաստիա համայնքներից մեկնարկած երեք ավտոշարասյունները, հանդիպելով Բրազիլիայի հրապարակում («Հրազդան» մարզադաշտի հարեւանությամբ), ժամը 16.00-ին սկսել են բողոքի ավտոերթը, որը շուրջ 10 կիլոմետրանոց պտույտ կատարելով Երեւանի կենտրոնում, հասել է Հանրապետության հրապարակ` կառավարության շենքի մոտ:

Կառավարության շենքի առջեւ ելույթ ունեցավ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, որը ընթերցեց կառավարությանն ուղղված քաղաքացիական պահանջագիրը: Ավտոերթի մասնակիցների անունից պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը եւ Անահիտ Բախշյանը պահանջագիրը հանձնեցին կառավարությանը:

«Ժառանգություն» կուսակցության տարածած հաղորդագրության համաձայն, համանման ավտոերթեր տեղի են ունեցել նաեւ Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում եւ Մեծամորում:

Ավտոերթի նպատակն էր Հայաստանի օրենսդիր եւ գործադիր իշխանություններից պահանջել վերանայել ԱՊՊԱ օրենքը, հետաձգել ԱՊՊԱ պայմանագրերի կնքման վերջնաժամկետը, վերանայել ապահովագրման պայմանները` հաշվի առնելով բնակչության մեծ մասի սոցիալական ծանր վիճակը եւ պետության համար կարեւոր այլ գործոններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG