Մատչելիության հղումներ

Տնտեսագետը կասկածելի է համարում հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վերջին տվյալները


Երեւանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կասկածելի է համարում այն, որ Հայաստանում տնտեսական աճի դանդաղման հիմնական պատճառ հանդիսացող գյուղատնտեսության ոլորտում նոյեմբերին գրանցվել է դրական տեղաշարժ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երեքշաբթի օրը Խաչատրյանը ասաց, որ գյուղատնտեսության ոլորտում ակումը դանդաղել է այն պարագայում, երբ Հայաստանում, սեզոնայնության գործոնը հաշվի առնելով, նոյեմբերին գյուղատնտեսությունը միշտ գրանցել է ավելի վատ ցուցանիշներ, քան հոկտեմբերին:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` նոյեմբերին գյուղատնտեսության ոլորտում անկումը հոկտեմբերի համեմատ եղել է ավելի քան 42 տոկոս: Մինչդեռ ըստ նույն տվյալների` հունվար-նոյեմբեր ամիսներին անկումը գյուղատնտեսությունում կազմել է 15.5 տոկոս, իսկ հունվար-հոկտեմբեր ամիսներին 16.8 տոկոս, այսինքն ավելի քիչ:

Ըստ տնտեսագետի` տրամաբանության համաձայն պետք է լիներ հակառակը, այսինքն անկումը գյուղատնտեսության ոլորտում ոչ թե պետք է դանդաղեր, այլ արագանար: Նրա կարծիքով` վերջին տարիներին` 2006-2009 թվականներին տեղի ունեցող օրինաչափությունները պետք է շատ փոքր փոփոխություններով կրկնվեին նաեւ այս տարի:

«Բայց փաստորեն այս տարի յուրահատուկ է, եւ այդ օրինաչափությունները, որ կային նախորդ տարիներին, այս տարի խախտվել են», - ասաց Խաչատրյանը:

Խաչատրյանը կասկածելի է համարում նաեւ շինարարության ոլորտի թվերը, որը գյուղատնտեսության հետ միասին վերջին ամիսներին Հայաստանում գրանցվող տնտեսական աճի դանդաղման հիմնական պատճառն էր: Վահագն Խաչատրյանի խոսքով, վերջին տարիներին, անգամ շինարարական բումի տարիներին նոյեմբերին հոկտեմբերի համեմատ երեբեք այդպիսի աճ չի եղել, ինչպես այս տարի` 11.4 տոկոս, որն էլ ի վերջո հանգեցրել է նրան, որ հունվար-նոյեմբերին տնտեսական աճը կազմել է 2.6 տոկոս` 0.2 տոկոսով ավելի շատ, քան հունվար-հոկտեմբեր ժամանկահատվածում էր:

«Եվ այստեղ մի հանգամանք կա, որի վրա պետք է ուշադրություն դարձնել, դա էլեկտրաէներգիայի արտադրությունն է, անհասկանալի է, թե էլեկտրաէներգիան ինչո՞ւ պետք է անցյալ տարվա համեմատ այսքան աճեր, եւ նոյեմբերին էլ հոկտեմբերի նկատմամբ պակասեր, երբ օրինաչափությունը այսպիսին չէր, նոյեմբերին միշտ ավելի շատ ենք էլեկտրաէներգիա ծախսում, քան հոկտեմբերին», - ասաց Խաչատրյանը:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության` այս տարվա հունվար-նոյեմբերին Հայաստանում 14.4 տոկոսով ավելի շատ էլեկտրաէներգիա է արտադրվել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Մինչդեռ, այս նոյեբերին հոկտեմբերի համեմատ 16.2 տոկոսով քիչ էլեկտրէաներգիա է արտադրվել:

Խաչատրյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նույն նոյեմբերին` հոկտեմբերի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 7.6 տոկոսով, բացի այդ, հաշվի առնելով եղանակային ավելի ցուրտ պայմանները եւ այն, որ նոյեմբերին օրն ավելի շուտ է մթնում, պետք է որ էլեկտրաէներգիա ավելի շատ արտադրվեր, մինչդեռ հակառակն է:

Մեկնաբանելով Խաչատրյանի գնահատականները` Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Գագիկ Մինասյանը ասաց. - «Հավանաբար այդ ընդդիմախոսները չեն հասկանում այն մեթոլոգիան, որով իրականացվում է [վիճակագրությունը], եթե որեւէ ամիս նախորդ տարվա նկատմամբ ավելի վատ է, ապա դա վատ է բոլոր տարիների համար»:

Նա այսպես բացատրեց 2.6 տոկոսանոց տնտեսական աճը:

«Եթե նայենք 4 հիմնական բաղադիչներին, ապա կտեսնենք արդյունաբերության մեջ 9.8 [տոկոսը] եղել եւ մնում է 9.8 տոկոս, գյուղատնտեսության բնագավառում փաստորեն 16.8 տոկոս անկումը փոխվել է 14.5 տոկոս անկումով, այսինքն այստեղ դրական տենդենց ունենք, շինարարությունում մի փոքր աճ ունենք եւ ծառայություններում ունեք 0.3 տոկոսի աճ: Սա լրիվ բնութագրում է այն իրավիճակը, որում մենք կանք», - ասաց պատգամավորը:
XS
SM
MD
LG