Մատչելիության հղումներ

Կայացել է «Գրեթերթ»-ի ամենամյա մրցանակաբաշխությունը


Երիտասարդ գրողների ստեղծագործությունները հրապարակող «Գրեթերթ»-ը օրերս անցկացրեց իր ամենամյա գրական մրցանակաբաշխությունը:

Ավելի քան 50 երիտասարդ գրողների իր շուրջը համախմբած «Գրեթերթ»-ի խմբագիր Գուրգեն Խանջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում է, որ այս մրցանակը մյուս գրական մրցանակներից տարբերվում է նրանով, որ հատուկ մրցութային հանձնաժողով չի կազմվում, փակ, գաղտնի քվեարկություն չկա, եւ հենց իրենք` կլոր սեղանի շուրջ նստած երիտասարդներն են քննարկում ու որոշում հաղթողներին:

Բացի այդ, ըստ նրա, այս մրցանակի համար երբեք գումարային որեւէ պարգեւ նախատեսված չի եղել, ինչն էլ, թերեւս, զերծ է պահել մրցույթի մասնակիցներին ներքին խժդժություններից:

Նշենք, որ Հայաստանի գրողների միության «Գրեթերթ»-ը արդեն հինգ տարի լույս է տեսնում եռամսյա պարբերականությամբ:

Այս տարի թարգմանության անվանակարգում «Գրեթերթ»-ի մրցանակը ստացավ Աշոտ Գաբրիելյանը, գրականագիտության անվանակարգում` Հասմիկ Հակոբյանը, հրապարակախոսության անվանակարգում` Արամ Պաչյանը, ով այս տարի նաեւ Հայաստանի նախագահի մրցանակին էր արժանացել: Իսկ պոեզիայի եւ արձակի անվանակարգերում մրցանակը համապատասխանաբար ստացան Հասմիկ Սիմոնյանը եւ Սարգիս Հովսեփյանը:

«Գրեթերթ»-ի մասին նրա խմբագիր Գուրգեն Խանջյանը ասում է. - «Նոր գրական սերունդ ձեւավորեց իր շուրջը, դաշտ գոյացավ, մի դաշտ, որի նկատմամբ շատ հոռետեսորեն էին տրամադրված, ասում էին` մեզնից հետո այլեւս գրականություն չկա, չի գալու: Ապացուցվեց հակառակը»:
XS
SM
MD
LG