Մատչելիության հղումներ

Թվային հեռարձակման մրցույթում օրերս հեռուստակապուղու արտոնագիր չստացած «Ա1+» հեռուստաընկերությունը երկուշաբթի օրը Վարչական դատարան է ներկայացրել իր առաջին հայցադիմումը:

Ինչպես լրագրողներին տեղեկացրեց «Ա1+»-ի փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը, «Ա1+»-ը դատարանից պահանջում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին (ՀՌԱՀ) պարտավորեցնել տրամադրել իր մրցակից «Արմնյուզ» ընկերության` հեռարձակման լիցենզավորման մրցույթին ներկայացրած առաջարկների փաթեթի կրկնօրինակը:

«Եթե կա արդեն հաղթող ճանաչված ընկերությունը, մեզ համար անհասկանալի է, թե ինչու է հանձնաժողովը այդ մրցութային փաթեթների վրա աշխատում», - հայտարարեց Տիգրան Տեր-Եսայանը:

Դեկտեմբերի 16-ին կայացած թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու մրցույթում ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանը եւ հանձնաժողովի 6 անդամները 0 միավոր գնահատեցին «Ա1+»-ի հայտը: Ժյուրիի միայն մեկ անդամ «Ա1+»-ին 2 միավոր տվեց: Արդյունքում «Ա1+»-ի հետ նույն հաճախականության համար հայտ ներկայացրած «Արմնյուզ» հեռուստաընկերությանը, ստանալով 44 միավոր, հաղթող ճանաչվեց: «Ա1+»-ը 13-րդ անգամ պարտվեց ՀՌԱՀ-ի հայտարարած լիցենզավորման մրցույթում:

Մրցույթից հետո ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը հայտարարել էր, թե «Ա1+»-ի պարտվելու պատճառը ընկերության` ֆինանսական օժանդակության վերաբերյալ ներկայացրած կեղծ փաստաթղթերն էին, թեեւ նաեւ նշել էր, թե «ՀՌԱՀ-ը հակված չէ կարծելու, թե այդ կեղծ փաստաթղթերը «Ա1+»-ի հիմնադիր «Մելտեքս» ընկերության նախաձեռնությունն են»:

Այսօր «Մելտեքս» ընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը հայտարարեց, որ սա իրենց ներկայացրած միակ հայացադիմումը չի լինելու: Նա հեռուստակապուղիների վերջին մրցույթը «շոու» գնահատեց եւ ասաց, որ «Ա1+»-ը պատրաստվում է մրցույթին առնչվող տարբեր հարցերի կապակցությամբ ներկայացնել առանձին հայցեր: Մասնավորապես, Մեսրոպ Մովսեսյանը վիրավորանք հասցնելու համար պատասխանատվության է կանչելու, իր բնորոշմամբ, դատախազի կեցվածք ընդունած ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանին:

«Ուղիղ մեղադրանք պարոն Ամալյանի կողմից առանց որեւէ դատական որոշման կամ առանց որեւէ հիմնավոր որոշման: Նա պատասխանատվություն է կրելու այդ խոսքերի համար», - հայտարարեց Մովսեսյանը եւ հավելեց. - «Պատժվելու է կամ սխալ փաստաթղթեր ներկայացնող կողմը կամ ՀՌԱՀ հանձնաժողովը»:

Ընկերությունը դատարանում Ամալյանի այն պնդումները վիճարկելու համար, թե «Ա1+»-ի փաթեթում ներկայացված կազմակերպությունները իրականում չեն գործում եւ «մեռյալ հոգիներ» են, ՀՌԱՀ-ից խնդրել է իրեն տրամադրել դրանց վերաբերյալ հանձնաժողովի հարցումների ու պաշտոնական պատասխանների կրկնօրինակները:

Ըստ Տեր-Եսայանի, եթե «Ա1+»-ը անգամ կեղծ փաստաթղթեր ներկայացրած լիներ, ապա ՀՌԱՀ-ը լիցենզիայի մասին օրենքի պարտադրանքով, պարտավոր էր «Ա1+»-ին թույլ չտալ մասնակցել մրցույթին, մրցույթից հանել այդ հայտը, բայց մինչեւ հանելը «օրենքի համաձայն` 10-օրյա ժամկետում պետք է դիմումատուին տեղեկացներ, որ նկատել է այդպիսի կեղծ փաստաթղթեր»:

Ամալյանը նաեւ անդրադարձել էր 280 հազար եվրո օժանդակության վերաբերյալ փաստաթղթին, որի տակ գրված էր եղել «Աննա Տանելյան անուն - ազգանունը, եւ Աննա Տանելյանը նույնիսկ իր ստորագրությունը կամ կնիքը չէր դրել փաստաթղթի տակ»:

Փաստաբանը ներկայացրեց Աննա Տանելյանի ստորագրությամբ այսօր ստացված փաստաթուղթը, որով նա վերահաստատում էր հաղթող ճանաչելու դեպքում «Ա1+»-ին 280 հազար եվրո ֆինանսական օժանդակություն ապահովելու փաստը եւ պաշտոնական պարզաբանում խնդրում հանձնաժողովի հայտարարությունների կապակցությամբ: Այս եւ Ամալյանի մի քանի այլ հայտարարություններ հերքող լրացուցիչ փաստաթղթեր այսօր փաստաբանը հանձնել է ՀՌԱՀ-ին:

Դատական գործընթացներ նախաձեռնելուն զուգահեռ` «Ա1+»-ի փաստաբանը մրցույթի արդյունքների վերանայման կապակցությամբ հետեւյալ հայտարարությունը արեց. - «Եթե ունեն [ՀՌԱՀ-ը] հնարավորություն, թող վերանայեն, եթե չէ, կփորձենք դատական կարգով վերանայել դա»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG